Արցախում հաշվառում ունեցող շուրջ 90 հազար քաղաքացու տրամադրվել է ֆինանսական աջակցություն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախում հաշվառում ունեցող մոտ 90 հազար քաղաքացու տրամադրել է ֆինանսական աջակցություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Արցախյան վերջին պատերազմից հետո մեր նախարարության աշխատակազմը գրեթե ամբողջությամբ ներգրավված է այդ ամենի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորման գործընթացում: Մենք ֆինանսական աջակցություն ենք տրամադրել Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին` 68 հազար դրամ յուրաքանչյուր անձին, գումարած 15 հազար հավելավճար այն անձանց համար, ովքեր չունեն սեփականություն: Այս խմբում կան որոշակի բացառություններ, որոնք չեն հանդիսացել միջոցառման շահառու»,- նշեց Առաքելյանը:
Նրա խոսքով` այս պահին մոտ 90 հազար քաղաքացու մոտավորապես տրամադրվել է 6.5 մլրդ դրամ աջակցություն:
Նախարարը հայտնեց, որ ծրագրից օգտվող քաղաքացիները կազմում են փաստացի շահառուների գրեթե 98 տոկոսը, և այս պահին մնացել է մի քանի հազար քաղաքացի, ովքեր պետք է դիմեն և օգտվեն այս ծրագրից:
Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառման շահառու են Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Օժանդակության ձևը միանվագ դրամական օգնություն է՝ յուրաքանչյուր շահառուի համար նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68,000 ՀՀ դրամ), ինչպես նաև կեցավայրի համար տրամադրվում է լրացուցիչ աջակցություն՝ 15,000 դրամի չափով այն շահառուներին, ովքեր չունեն սեփականության (այդ թվում՝ բաժնային) իրավունքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք:
Լիլիթ Դեմուրյան