Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Ով է ապրում տնակում»-ն ամենապահանջվածն է. մանկական. նոյեմբեր, 2020

«Երևանյան բեսթսելեր». «Ով է ապրում տնակում»-ն ամենապահանջվածն է. 
մանկական. նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Երրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Չորրորդ հորիզոնականում է «Գայլը և յոթ ուլիկները»: Մայր այծը, գնալով տանից, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու հայտարարում, որ նրանց մայրն է: Գրիմ եղբայրների հեքիաթի հերոս խորամանկ գայլը փորձում է օգտագործել ցանկացած մեթոդ՝ նպատակին հասնելու համար:

Հինգերորդ հորիզոնականում է  Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» վեցերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» յոթերորդ տեղում է: Մանկապատանեկան ֆենթըզի, որտեղ հանդիպում են 21-րդ դարի հայ պատանիներն ու վաղնջական հայկական առասպելները։ Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց աղետալի. բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են... Փոխարենը հենց այդ օրը Վահագնը պետք է պատահաբար օգներ կյանքի վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական մի էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո կընկերանար։ Բայց ոչ բոլոր վիշապներն են, ինչպես կպարզվի հետագայում, նույնքան բարիդրացիական տրամադրված մարդկանց նկատմամբ, որքան Վահագնի նոր ընկերը․․․

Օթֆրիդ Փրոյսլերի «Փոքրիկ վհուկը» ութերորդ տեղում է: Փոքրիկ վհուկը, ցավոք, ընդամենը հարյուր քսանյոթ տարեկան է, և այդ պատճառով ավագ վհուկները նրան դեռ լուրջ չեն ընդունում։ Իսկ եթե մեծ չէ, նա ուզում է գոնե լավ վհուկ լինել։ Այս որոշումով սկսվում է մի արտասովոր իրարանցում։

Իններորդ տեղում է Լուսի Մոդ Մոնտգոմերիի «Աննան Կանաչ կտուրներից» վեպը: Այն 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։ Այն պատմում է մի որբ աղջնակի՝ Աննա Շիրլիի մասին։ Մեթյու և Մարիլա Քաթբերտները՝ միջին տարիքի քույր և եղբայր, որոշում են տղա որդեգրել, ով կօգներ Էվոնլի մտացածին գյուղում գտնվող իրենց ագարակի աշխատանքները վարելիս, սակայն տեղի է ունենում սխալմունք, ու նրանց մոտ են ուղարկում կարմրահեր, խելացի ու երազկոտ Աննա Շիրլիին։ Վեպում ներկայացված են Աննայի արկածները Կանաչ կտուրներում, որտեղ աղջիկը վերջապես գտնում է իր տունը։

Տասներորդ տեղում է Սառա Շահինքանաթի և Այշե Ինանի «Երեք փիսիկ, մեկ երազանք» գիրքը: Երեք ընկեր՝ Փիսիկը, Փիթին և Փաթին, մեջք-մեջքի տված կտուրին մեկնվել և աստղազարդ երկնքից աչք չեն կտրում: Տեսնես՝ ինչի՞ են սպասում: Գուցե կարևոր երազա՞նք ունեն…Պատմություն երեք փիսիկների երազանքի մասին:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +3 «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 56
2 -1 «Բոքոնիկը»   Բուկինիստ 55
3 0 «Շաղգամը» Բուկինիստ 48
4 -2 «Գայլը և յոթ ուլիկները» Բուկինիստ 47
5 0

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 36
6 0

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

Զանգակ 22
7 նոր

Արտավազդ Եղիազարյան

«Վիշապաքարի գաղտնիքը»

Անտարես 20
8 նոր

Օթֆրիդ Փրոյսլեր

«Փոքրիկ վհուկը»

Զանգակ 19
9 *

Լուսի Մոդ Մոնտգոմերի

«Աննան Կանաչ կտուրներից»

Էդիթ Պրինտ 18
10 նոր

Սառա Շահինքանաթի և Այշե Ինան

«Երեք փիսիկ, մեկ երազանք»

Անտարես 15

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]