Հասարակական

ՀՀ-ն ու Կորեայի Հանրապետությունն առողջապահության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հուշագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն ու Կորեայի Հանրապետությունն առողջապահության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Կորեայի Հանրապետության Առողջության ապահովագրության դիտարկման և գնահատման ծառայության նախագահ Սուն Մին Կիմն առողջապահության անվտանգության ազգային համակարգի համագործակցության շրջանակներում առցանց ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հիմք ընդունելով երկու երկրի միջև դրական փորձը` այս քայլով կողմերն ամրապնդում և ընդլայնում են համագործակցությունն ու հարաբերությունները:

«Շատ եմ կարևորում Առողջության ազգային անվտանգության համակարգում Հայաստանի առողջապահության նախարարության և Կորեայի առողջության ապահովագրության դիտարկման և գնահատման ծառայության համագործակցությունը և ուրախ եմ, որ այսօր ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր այս ուղղությամբ»,- ողջունելով Սուն Մին Կիմին ասել է Արսեն Թորոսյանը:

Հուշագրի համաձայն՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ըստ անհրաժեշտության պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ ուղղված առողջապահության անվտանգության ազգային համակարգի ամրապնդմանը: Միաժամանակ, նախատեսվում է փորձի փոխանակում ռազմավարական գնումների իրականացման մեխանիզմների շրջանակում, կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ առողջապահության որակի գնահատման, դեղորայքային քաղաքականության, առողջապահական ռեսուրսների արդյունավետ կառավարման, առողջապահության քաղաքականության մշակման նպատակով տեղեկատվական հաղորդակցման համակարգի առավել արդյունավետ կիրառման ուղղություններով:

Կողմերը հույս են հայտնել, որ 2021 թվականը խաղաղ և ապահով տարի կլինի և հնարավորություն կընձեռի իրագործելու նախանշված բոլոր ծրագրերն ու անելիքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում