ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաճարակաբանական սպառնալիքի առավելագույն հինգերորդ մակարդակ Է հայտարարվել Չեխիայում. կառավարությունը նոր սահմանափակումներ Է մտցնում երկրում կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով առողջապահության նախարարության ղեկավար Յան Բլատնային:
Դեկտեմբերի 22-ին Չեխիայում գրանցվել Է կորոնավիրուսի 10 հազար 821 նոր դեպք, ինչը գրեթե երեք հազարով ավելի Է, քան մեկ շաբաթ առաջ:
Համավարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել Է 646,6 հազար ախտահարված, ապաքինվել Է 546,9 հազարը, մահացել Է 10 հազար 664 մարդ:
Նշվում Է, որ դեկտեմբերի 27-ից Չեխիայում կփակվեն բոլոր խանութները, բացի պարենային, կենցաղային ապրանքների խանութներից, դեղատներից եւ կենցաղային ծառայություններից:
Երկարացվել Է պարետային ժամը, որը գործելու Է 21:00-ից մինչեւ 05:00-ն (ավելի վաղ եղել Է 23:00-ից):
Դեկտեմբերի 18-ին երկրում փակվել են սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները, մշակութային հաստատությունները եւ մարզահամալիրները, ինչպես նաեւ սկսվել են երկարացված դպրոցական արձակուրդները: Ենթադրվում Է, որ հունվարի 4-ից դպրոցներն ու բուհերը աշխատելու են հեռավար, բացի երկու ցածր դասարաններից: Դրանից բացի, նախօրյակին խորհրդարանը կառավարության խնդրանքով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը երկարացրել Է մինչեւ 2021 թվականի հունվարի 22-ը:
Հանրապետության բուժաշխատողների միությունը հորդորել Է համաքաղաքացիներին՝ սուրբծննյան տոներին հրաժարվել ավագ տարիքի ազգականների հետ ավանդական հանդիպումներից՝ վարակվելու ռիսկի պատճառով: Ավելի վաղ Sputnik ռադիոն հաղորդել Էր, որ Մեծ Բրիտանիան գործնականում լոքդաուն Է սահմանում կորոնավիրուսի պատճառով: