Գյումրիում տեղի է ունեցել անհնազանդության ակցիա վարչապետի հրաժարականի պահանջով
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյումրիում տեղի է ունեցել անհնազանդության ակցիա՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ակցիան կազմակերպել են ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչները: Նրանք կարճ ժամանակով՝ ժամը 12:00-12:30-ը, փակել էին քաղաքի կենտրոնական հատվածի 3 ճանապարհներ:
«Պահանջը մեկն է՝ վարչապետի հրաժարականը: Այս ակցիաներով փորձում ենք ցույց տալ, որ անտարբեր չենք երկրի ճակատագրի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Գալստյանը:
«Հայրենիքի փրկության շարժում»-ը, որը ձևավորվել է ընդդիմադիր 16 քաղաքական ուժերի կողմից, դեկտեմբերի 8-ից հայտնել է ՀՀ տարածքում անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Դեկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից մեկնարկելու է երթ:
Արմենուհի Մխոյան