Ոստիկանությունը Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկել 29 ցուցարարի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 29 անձի` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել Վազգեն Մանուկյանին: Նա նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները դեկտեմբերի 9-ին հանրահավաք էին հրավիրել Ազգային ժողովի շենքի դիմաց: