Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռազմական դրության սահմանափակումները նաև տնտեսական հետևանքներ են թողնում. Գորգիսյան

 Ռազմական դրության սահմանափակումները նաև տնտեսական հետևանքներ են 
թողնում. Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված որոշ սահմանափակումներ տնտեսապես բացասական հետևանքներ են ունենում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գորգիսյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքով ասվում է, որ ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակի դադարեցվել: Դա կարող է անել կառավարությունը կամ ԱԺ-ն: Հաշվի առնելով, որ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման մեջ նշված հանգամանքներն այլևս չկան՝ «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանի» հետ համատեղ, նախաձեռնել է արտահերթ նիստ, որով առաջարկում է ընդունել ԱԺ որոշում՝ վերացնելու ռազմական դրությունը»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոփոխվել է, բայց բոլոր սահմանափակումները դեռ շարունակում են մնալ: Պատգամավորը շեշտեց, որ այդ սահմանափակումները վերաբերում են ժողովրդավարության հիմքերին՝ խոսքի ազատությանը, մարդու ազատ տեղաշարժման իրավունքին, հավաքների և գործադուլների ազատությանը:

Գորգիսյանի կարծիքով՝ որոշ սահմանափակումներ տնտեսական տեսանկյունից ևս բացասական հետևանքներ են ունենում: «Բազմաթիվ անձինք, որոնք երկքաղաքացիություն ունեն, այսօր չեն կարողանում դուրս գալ ՀՀ-ից, որ կարողանան իրականացնել իրենց տնտեսական գործունեությունը, մեկնել արտագնա աշխատանքի և գումարներ ուղարկել Հայաստան: Այն քաղաքացիները, որոնք զորակոչվել են և դեռևս գտնվում են տարբեր զորամասերում, մշտական տեղակայման վայրերում, որևէ մարտական խնդիր չեն կատարում հիմա: Եվ շատ քաղաքացիներ, որոնք իրենց աշխատավայրը, տնտեսական գործունեությունը թողել և գնացել են, գտնվում են այդ իրավիճակում, չեն կարողանում զբաղվել իրենց տնտեսական գործունեությամբ»,- նշեց նա ու կարծիք հայտնեց, որ գործում են սահմանափակումներ, որոնց անհրաժեշտությունը չկա, և դա ունենում է տնտեսական հետևանքներ:

Պատգամավորը պատրաստակամություն հայտնեց առաջարկի ուժի մեջ մտնելը հետաձգել մի քանի օրով:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]