Հասարակական

Մասիսի, Վաղարշապատի, Սևանի ոստիկաններն Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

Մասիսի, Վաղարշապատի, Սևանի ոստիկաններն Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ շարունակում են տարաբնույթ միջոցառումները Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերք բերելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ նոյեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Փարաքար գյուղից, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Երևանում բնակվող երկու տղամարդու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփեր, սվին- դանակ, բաճկոն ու սաղավարտ, որոնք բերել էին Արցախից։

Դարձյալ նոյեմբերի 11-ին ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ու Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, Իջևան քաղաքի և Տավուշի մարզի Սևքար գյուղի երկու բնակչի մոտ հայտնաբերել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, 7 փամփշտատուփ, ինքնաձիգի փամփուշտներ ու զրահաբաճկոն, որոնք բերել էին Արցախից։

Նոյեմբերի 11-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ևս Արցախից բերված զինամթերք են հայտնաբերել։ Նրանք Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու մեքենայի ստուգմամբ հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Այս ուղղությամբ իրականացվող տարաբնույթ միջոցառումներն ամենօրյա են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում