ՄԻՊ-ը բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը ներկայացրեց ադրբեջանական վայրագությունները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 9-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են բարոնուհու HART բարեգործական կազմակերպության փոխտնօրենը և երկու լրագրողներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը:
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի և Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունները, որոնք հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների վրա։
Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում արձանագրված սպանություններն ու պատճառված վնասները։
«Ադրբեջանական հարձակումները համացանցում ուղեկցվում են ատելության խոսքով հայերի նկատմամբ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայ գերիների տեսանյութերն ու հայկական կողմի զոհերի լուսանկարները տարածվում են համացանցում՝ դառնալով ատելության խոսքի խորացման և խրախճանքի թեմա»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ եզրահանգելով, որ ադրբեջանական կողմի վերջնանպատակն էթնիկ զտումն է Արցախում։
Պատվիրակությանը ներկայացվելեն ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետևանքները, ինչի վերաբերյալ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց։
Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել Արցախում և Հայաստանում իրավիճակի մանրամասն ներկայացման համար և ցանկություն արտահայտել հնարավորության դեպքում այցելել Արցախ՝ տեղում իրական վիճակն արձանագրելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել թույլտվության դեպքում անձամբ ուղեկցել պատվիրակությանը: