Հասարակական

ՄԻՊ-ը համաչափ չի համարում Արցախում տեղի ունեցող իրադարձություններին միջազգային կառույցների արձագանքը

3 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը համաչափ չի համարում Արցախում տեղի ունեցող իրադարձություններին միջազգային կառույցների արձագանքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ակնհայտ է համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների առնչությամբ միջազգային կազմակերպությունների արձագանքը համաչափ չէ, քաղաքական պատճառները գերակայում են մարդու իրավունքներին նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Անի Սամսոնյանի հարցին:

Թաթոյանը հիշեցրեց, որ ՄԻՊ-ը միջազգային կառույցների հետ մանրամասն աշխատում է, մի քանի արձագանքներ եղել են: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը արդեն երեք անգամ արձագանքել է: Առաջին անգամ ընդհանուր արձագանք էր, երկրորդ անգամ արձագանքը կապված էր կասետային զինատեսակների հետ կապված, երրորդը հայտարարությունը պատերազմական հնարավոր հարձակումների մասին էր: «Դա, կարող եմ ասել, որ ըստ էության առաջընթաց է: Այդ բարձր մակարդակում խոսվում է պատերազմական հանցագործություն եզրույթով: Ընդ որում ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը խոսել էր Ստեփանակերտի շուկայի, խաղաղ բնակավայրերի հետ կապված: Ցավոք, այդ արձագանքում չկային Ստեփանակերտի հիվանդանոցի և ծննդատան հարցերը: Բայց հետաքրքիրն այն էր, որ ըստ էության Հադրութի՝ մեր երկու հայրենակիցների սպանության դեպքը նկատի ունենալով, տրված էր պատերազմական հանցագործության ժամանակ սպանության բնորոշումը՝ մտադրված սպանություն»,-ասաց ՄԻՊ-ը:

Նրա խոսքով՝ այդ արձանագրումը հետագայում կոնվենցիոն վարույթների հետ կապված, միջազգային հարթակներում պետք կգա:

«Ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունների արձագանքը համաչափ չէ: Եվ ցավոք, պետք է արձանագրել, որ քաղաքական պատճառները գերակայում են մարդու իրավունքների նկատմամբ»,-ասաց Թաթոյանը:

Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը և մի շարք այլ կազմակերպություններ ստեղծվել են մարդու իրավունքներ պաշտպանելու համար: «Ո՞վ է հռչակել սկզբունքը, որ որևէ մեկը չպետք է հայտնվի լուսանցքում, և որևէ իրավունք չպետք է անտեսվի: Ո՞վ է հաստատել, ընդունել, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող իրավունքների պաշտպանության վրա բացասական ազդեցություն ունենալ: Սա մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի հռչակած կարևորագույն սկզբունքներից է»,- ասաց Թաթոյանն ու հավելեց, որ խոսքը վերաբերվում է ոչ թե ինչ-որ արձագանքներին, այլ կոնկրետ քայլերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում