Արցախի Պաշտպանության բանակը Ադրբեջանի ԶՈՒ գրոհող երեք տանկ է խոցել
1 րոպեի ընթերցում
![Արցախի Պաշտպանության բանակը Ադրբեջանի ԶՈՒ գրոհող երեք տանկ է խոցել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1033868.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը հարավային ուղղությամբ խոցել է Ադրբեջանի բանակի գրոհող երեք տանկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ»,- գրել է Ստեփանյանը:
Արցախա-ադրբեջանական ճակատային գծի բոլոր ուղղություններում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Ադրբեջանը շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները: