Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Առաջնագիծ մեկնելու համար կամավորագրված աղջիկները հստակ շարժվում են դեպի իրենց առջև դրված նպատակները

Առաջնագիծ մեկնելու համար կամավորագրված աղջիկները հստակ շարժվում են դեպի 
իրենց առջև դրված նպատակները

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նարի Ներսիսյանն ու իր 4 ընկերուհիները որոշել են կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ներսիսյանն ասաց, որ առաջնագիծ մեկնելու ցանկությունն առաջացել է ավելի վաղ, իսկ մինչ այդ իրենք զբաղվել են կամավորական աշխատանքներով:

«Երկար ժամանակ փորձում էինք ինչ-որ կերպ գնալ ճակատ, օգնել զինվորներին ինչով կարող էինք։ Թիկունքում մեր գործունեությունը քիչ համարելով՝ որոշեցինք վճռական քայլերի դիմել՝ բանակին կամավորագրվել։ Վստահ էինք՝ մեզ նման շատ աղջիկներ ու կանայք կան։ Աղջիկներից երկուսի հետ ծանոթացել ենք կամավորության ժամանակ, երբ հասկացել ենք, որ ունենք նույն նպատակներն ու ցանկությունները»,- ասաց Նարի Ներսիսյանը:

Մարտական ծառայություն չանցած աղջիկները սկզբում ունեցել են մտահոգություններ այն առնչությամբ, թե ինչպե՞ս իրենց նախաձեռնությունը կընդունվի հասարակության կողմից և կկարողանա՞ն, արդյոք, հաղթահարել ընթացիկ փորձությունները:

«Վախերը կապված էին ոչ միայն հասարակության կողմից ճիշտ չընկալվելու, այլև աղջիկների դիմացկունության հետ, բայց փորձը ցույց տվեց, որ բոլոր վախերն ավելորդ էին: Վստահ եմ, որ մեր քայլը կօգնի զինվորներին հասկանալու` իրենք մենակ չեն, մենք պատրաստ ենք զենք վերցնել ու կռվել իրենց կողքին»,- նշեց նա:

Հինգ աղջիկների` առաջնագիծ մեկնելու ցանկությանը միացել են նաև մի խումբ այլ կանայք և աղջիկներ: Աղջիկներից բաղկացած կամավորական ջոկատ հավաքելու գործում նրանց իր աջակցությունն է ցուցաբերել նաև Պաշտպանության նախարարությունը:

«Ստացանք հարյուրավոր նամակներ, և որպեսզի գործընթացն ավելի լուրջ ու կանոնակարգված բնույթ կրի, դիմեցինք Պաշտպանության նախարարություն: Այնտեղ ոչ միայն ընդունեցին մեր դիմում-խնդրանքը, այլև այդ օրվանից սկսած ամեն բանով աջակցեցին մեզ»,- ասաց Ներսիսյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Էլեն Ավետիսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]