Արցախի հյուսիսային ուղղությամբ հարձակված Ադրբեջանը հետ է շպրտվել՝ ունենալով տասնյակ կորուստներ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի առաջնագծի հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանը դիմել է հարձակման, սակայն հետ է շպրտվել՝ ունենալով կորուստներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է նա։
Հովհաննիսյանը հաղորդում է, որ հարավային ճակատում ևս ինտենսիվ մարտեր են։
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հոկտեմբերի 30-ի ամբողջ գիշերվա ընթացքում շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ: Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը: Թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: