ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի` մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:
ՀՀ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին։
Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը և Մարտակերտը, որի արդյունքում խաղաղ բնակչությանը հասցվում է հսկայական վնաս, ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքները։ «Համավարակի պայմաններում հարվածներ են հասցվում հիվանդանոցներին և առողջապահական այլ ենթակառուցվածքներին։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
Խաղաղ բնակչության դեմ կատարվող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ և հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ»,-նշել է ՀՀ ԱԳՆ-ն:
Չնայած միջազգային համայնքի կոչերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքներին՝ Ադրբեջանը համառորեն մերժում է հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը և հակամարտության գոտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։
«Ձգտելով իրականացնել իր ցեղասպան մտադրությունը և խուսափել դրա պատասխանատվությունից՝ Ադրբեջանը միաժամանակ ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը։
Ադրբեջանի մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը, որն իրականացնելու է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով»,-եզրափակել է ՀՀ ԱԳՆ-ն:
Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին կրկին թիրախավորել էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին՝ հարվածներ հասցնելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով:Ադրբեջանիզինուժնավիացիայի միջոցով թիրախավորելէՍտեփանակերտի ծննդատունը, հասցվել ենավերածություններ։ Հայտնի էր դարձել, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգովՇուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի ուշ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ և ավերածություններ: Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի առավոտից վերսկսել է խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումը:Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: