Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Human Rights Watch-ը փաստագրել է Ադրբեջանի կողմից ԼՂ բնակիչների դեմ կասետային զենքի կիրառման դեպքեր

Human Rights Watch-ը փաստագրել է Ադրբեջանի կողմից ԼՂ բնակիչների դեմ կասետային 
զենքի կիրառման դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը բազմիցս օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի տարածքների ուղղությամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Human Rights Watch- ը՝ ամփոփելով Արցախում հետաքննության արդյունքները:

2020-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում անցկացված հետաքննության ընթացքում Human Rights Watch- ը փաստագրել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի օգտագործման չորս դեպք:

«Կասետային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես բնակավայրերում, ցույց է տալիս, որ անտեսվում է խաղաղ բնակչության անվտանգությունը: Կասետային զինամթերքը երբեք ոչ մի պարագայում չպետք է որևէ մեկի կողմից օգտագործվի, առավել ևս քաղաքներում ՝ քաղաքացիական անձանց համար կանխատեսելի և անընդունելի վտանգի պատճառով»,- ասել է Human Rights Watch- ի զենքի բաժնի տնօրեն և «Կլաստերային զինամթերք» կոալիցիայի նախագահ Ստեֆեն Գուսը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Human Rights Watch-ն ուսումնասիրում է, թե արդյոք հակամարտության բոլոր կողմերը հավատարիմ են միջազգային մարդասիրական իրավունքին, որը զինված ուժերից պահանջում է տարբերակել զինծառայողներին քաղաքացիական անձանցից և ռազմական օբյեկտները՝ քաղաքացիական օբյեկտներից: Արգելվում են այն հարձակումները, որոնք օգտագործում են մարտական մեթոդ կամ միջոց, որոնք չեն կարող ուղղված լինել միայն որոշակի օրինական ռազմական թիրախի: Human Rights Watch- ը բազմիցս խնդրանքներ է ներկայացրել Ադրբեջանի կառավարությանը ՝ տեղում հետաքննություն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն թույլատվություն դեռ չի տրվել:
Human Rights Watch-ն ուսումնասիրել է հրթիռների, հարվածների և զինամթերքի մնացորդները, որոնք պայթել են, ինչպես նաև չպայթածները Ստեփանակերտի մի քանի վայրերում: Human Rights Watch- ը նաև ուսումնասիրել է հրթիռի՝ Հադրութում արված լուսանկարները, պայթյունի հետևանքները և զինամթերքի մնացորդները, ինչպես նաև չպայթած զինամթերքը: Human Rights Watch- ը զրուցել է նաև վեց մարդու հետ, որոնք ականատես են եղել հարձակումներին:

Ստեփանակերտի բնակիչները Human Rights Watch- ին հայտնել են, որ կասետային զինամթերքի օգտագործմամբ հարձակումները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից ոչ ավելի, քան 200 մ հեռավորության վրա գտնվող բնակելի տարածքում:

Human Rights Watch- ը միջազգային հասարակական կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում: Այն իրականացնում է մարդու իրավունքների վերաբերյալ հետազոտություններ:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ