Այս հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ. պատգամավորը՝ հայ ռազմագերիների սպանության մասին
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու վերաբերյալ տեսանյութը փաստում է այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը կատարում պատերազմական հանցագործություններ և տուրք տալիս ահաբեկչական գործություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նախ հիշեցրեց Ադրբեջանի իշխանություններին, որ գերեվարված անձը պետության իրավազորության ներքո է և այդ անձանց հետ տեղի ունեցող ցանկացած արարքի համար պատասխանատվություն է կրում տվյալ երկիրը:
«Տվյալ պարագայում պատասխանատվություն է կրում Ադրբեջանի Հանրապետությունը և այն անձինք, ովքեր հանցագործություն են կատարում, և ինքը` պետությունը, պետք է ենթարկվի պատասխանատվության նման արարքների համար»,- ընդգծեց Վարդանյանը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով` առաջին տեսանյութը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ գերեվարության մեջ գտնվող անձինք դադարեցրել են դիմադրությունը ¨ թշնամական որևէ գործողություններ չեն իրականացնում: Նրա խոսքով` առաջին տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանց ստիպում հանել իրենց վերնահագուստը, երկրորդ` նրանց նստեցնում են ճանապարհի եզրին:
« Սա ոչ թե սոսկ գերեվարված անձանց սպանություն է, ինչն ինքնին դատապարտելի է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով և դիտարկվում է որպես ռազմական հանցագործություն, սա այսպես կոչված կոլեկտիվ հաշվեհարդար տեսնելն է կամ կոլեկտիվ պատիժ իրականացնելու փորձ է: Անձինք առանց դատի և դատավարության, դեմոնստրատիվ, ձեռքերը կապված ռազմագերիներին նստեցնում են ճանապարհի եզրին, նրանց ուսերին գծում են Հայաստանի Հանրապետության դրոշը, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծեն իրենց գործողությունների ահաբեկչական բնույթը և դրանից հետո համապատասխան հրամանով հրազենով արձակում են բազում գնդակներ, որի հետևանքով գերեվարված անձինք մահանում են : Ընդ որում, մահանալուց հետո դիակների նկատմամբ վատ վերաբերմունքը, հարվածները շարունակվում են»,- շեշտեց Վարդանյանը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարծիքով` սրանից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից վկայակոչել որևիցե միջազգային մարմնի որևիցե փաստաթուղթ պարզապես անբարոյականություն է:
«Սա կանոնների խախտում է, որոնք գոյություն են ունեցել ոչ թե ՄԱԿ-ի ստեղծման ընթացքում, սա պատերազմի օրենքներն ու սովորույթներն են , որոնք հայտնի են համաշխարհային հանրությանը դեռևս անտիկ ժամանակաշրջանում:
Սա դասական ռազմական հանցագործություն է,որի համար չկա ոչ տարածաշրջանային սահմաններ: Այդ հանցագործություն կատարող անձինք կարող են ենթարկվել պատասխանատվության ցանկացած երկրում և այդ հանցագործությունների նկատմամբ չեն կիրառվում վաղեմության որևէ ժամկետներ: Հետևաբար, այդ անձինք երբ էլ հայտնաբերվեն, ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- եզրափակեց Վարդանյանը:
Ավելի վաղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը հայտնել էր, որ իրենց կառույցի ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով: