Թուրքիայի հռետորաբանությունն ավելի ռազմատենչ է դառնում. Եվրոպական խորհրդարանի ղեկավար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի ղեկավար Դավիդ Սասսոլին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների հռետորաբանությունը շարունակաբար ավելի ռազմատենչ է դառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Սասսոլին ասել է հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում:
«Թուրքիայի հռետորաբանությունը շարունակաբար ավելի ռազմատենչ է դառնում, և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ակնհայտորեն չի թուլացնում այն»,- ասել է Սասսոլին՝ պատասխանելով հարցին, թե ինչու Եվրոպական Միությունը չի կարող վճռական գործողություններով արձագանքել Թուրքիայի պահվածքին՝ ներառյալ Միջերկրական ծովում առկա հարցերը:
Եվրոպական խորհրդարանի ղեկավարի խոսքով` նա մեկ անգամ չէ, որ այդ հարցերը բարձրացրել է ԵՄ ղեկավարների հետ նիստերի ընթացքում:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: