Արցախի անկախության ճանաչման հարցը քննարկման մեջ է. ԱԺ փոխխոսնակ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը շատ կարևոր է համարում, որ Արցախի անկախությունը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սիմոնյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Պարզ է, որ Արցախի անկախացումը բոլորիս համար ամենակարևոր հարցն է: Մենք բոլոր ուղղություններով մեր բոլոր գործընկերների հետ աշխատում ենք և գնում ենք Արցախի ճանաչման ճանապարհով: Նույնիսկ ամենացածր մակարդակով շփումների մեջ մենք այսօր այդ հարցը բարձրացնում ենք: Շատ կարևոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից ու դրան հետևենք կոնկրետ իրավական քայլեր: Այդ հարցը քննարկման մեջ է և, այո` դա օրհասական հարց է»,- ասաց Սիմոնյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 11-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի:
Հոկտեմբերի 11-ի երեկոյից, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։
Նորայր Շողիկյան