Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միջազգային ահաբեկչության ներթափանցումը տարածաշրջան Ադրբեջանն իրականացրել է անթաքույց. Արցախի նախագահ

Միջազգային ահաբեկչության ներթափանցումը տարածաշրջան Ադրբեջանն 
իրականացրել է անթաքույց. Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ լայնածավալ պատերազմ սանձազերծած Ադրբեջանը և նրան աջակցող Թուրքիան փորձում են Արցախյան խնդրի շրջանակում միջազգային ահաբեկչության նոր հարթակ ձևավորել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արցախում տեղի է ունենում մարդկության դեմ ամենամեծ ոտնձգությունը: Արցախյան խնդրի շրջանակում փորձում են միջազգային ահաբեկչության նոր հարթակ ձևավորել: Սա պետք է գիտակցեն բոլորը»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ միջազգային ահաբեկչության ներթափանցումը տարածաշրջան իրականացվում է անթաքույց: «Փաստերը շատ-շատ են և մի շարք երկրների ու կառույցների կողմից տարբեր ձևաչափերով հաստատվել են և լուսաբանվել»,- ասաց Արցախի նախագահը՝ ընդգծելով, որ առկա են ապացույցներ, որ այդ հանցախմբերը բերվել են Արցախի դեմ:

Անդրադառնալով կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը Ադրբեջանի չպահպանելուն, Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ աշխարհում առավել շատ խաղաղություն են ցանկանում արցախցիները, սակայն, եթե Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն, ապա իրենց կպարտադրեն այդ խաղաղությունը:

«Մենք խաղաղության կողմնակից ենք, աշխարհում ամենաշատը խաղաղություն ուզում են արցախցիները, բայց նաև մենք չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրի կողմից, որի նպատակն է բնաջնջել Արցախի ժողովրդին, հազարամյա մշակույթը, Արցախի պատմությունը: Հայտարարելու եմ հայրենական պատերազմ և կոչ եմ անելու բոլոր հայերին` ոչ միայն նյութական, այլև ֆիզիկական մասնակցություն ունենալ: Ուզում են երկարատև պատերազմ, մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը»,- ասաց Արայիկ Հարությունյանը, նշելով, որ Ադրբեջանը միայն երկարատև ծանր կորուստներ ունենալուց հետո պատրաստ կլինի ընդունել հրադադարի կամ զինադադարի պայմանները: 

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 10-ին մի քանի անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հարվածներ հասցնելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, Շուշի և Մարտունի քաղաքներին:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am