Արցախի բնակավայրերում և առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է
3 րոպեի ընթերցում
![Արցախի բնակավայրերում և առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031215.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության բնակավայրերում և առաջնագծում այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Առավոտյան տվյալներով նշեմ, որ համեմատաբար ավելի հանգիստ է: Չգիտենք, թե ինչքան երկարատև կլինի դա: Բնակավայրերի վրա հրթիռակոծություն, հրետանակոծություն չի կատարվում: Առաջնագծում շատ փոքր հրաձգություններ կան, փոքր հրետանի է կիրառվում, միջդիրքային փոքր մարտեր են լինում: Չգիտեմ, թե ինչպես կզարգանա օրը»,- ասաց Հարությունյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։
Ադրբեջանը հոկտեմբերի 10-ին մի քանի անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հարվածներ հասցնելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, Շուշի և Մարտունի քաղաքներին:
Նորայր Շողիկյան