Կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ռոյ Այլենդ նահանգում բողոքի ցույց է անցկացվում ի աջակցություն Արցախի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցույցին մասնակցում են նաև սենատոր Ջեք Ռիդը և կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը:
Ցույցի ընթացքում սենատոր Ռիդը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությունը և իր ելույթում արտասանել Հայոց ցեղասպանություն եզրույթը:
Կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինն իր հերթին ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր: