Հասարակական

Գերմանիայի Ավետարանական եկեղեցիներն իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին

3 րոպեի ընթերցում

Գերմանիայի Ավետարանական եկեղեցիներն իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու Խորհրդի նախագահ եպիսկոպոս դոկտՀայնրիխ Բեդֆորդ-Շթրոհմը զորակցության նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նամակում ասվում է, որ խորը ցավով են տեղեկացել Լեռնային Ղարաբաղում նոր հակամարտության և դրա հետևանքով տեղի ունեցած մարդկային կորուստների մասին: «Մեր բոլոր հույսերն ու աղոթքները Ձեզ և յուրաքանչյուր անձի հետ են, ում կյանքը վտանգված է այս ռազմական գործողություններով: Հայցում ենք Աստծո սերն ու ողորմությունը խաղաղության կամ ավելի քան 25 տարի տևած հրադադարի պահպանության համար՝ կանխելու ցանկացած քայլ, որը հետագայում կարող է հանգեցնել սարսափելի պատերազմի վերսկսմանը․․․ Ես առավել չափով սգում եմ այժմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքի համար»,- ասված է նամակում:

Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու Խորհրդի նախագահի նամակում ընդգծվում է, որ ԵՀԽ գործող գլխավոր քարտուղար Իոան Սաուկայի միջոցով քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել համատեղ կոչով՝ ուղղված հակամարտող կողմերին՝ վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ, իսկ օտարերկրյա պետություններին հորդորել՝ զերծ մնալու որևէ տեսակի միջամտությունից, որը թեժացնում է ռազմական գործողությունները: «Անձնապես և Գերմանիայի Ավետարանական եկեղեցիների անունից ամբողջ սրտով միանում եմ այդ կոչին»,-եզրափակվում է նամակը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմի կորուստները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում