Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
3 րոպեի ընթերցում
![Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1030693.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են: Ընդհանուր առմամբ ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են: Այսօր, ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներով հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը՝ Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերի: Կան համապատասխան տեսանյութեր»,- նշեց Հովհաննիսյանը:
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ էլ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ արցախա-ադրբեջանական շփման գծում Պաշտպանության բանակը հաջողություններ է գրանցել հյուսիսային ուղղությամբ:
«Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ՝ դիրքեր է ազատագրել: Կարող եմ մի բան ասել. պատերազմ է, իրավիճականեր կան, որ կարող են լինել մեծ դժվարություններ, նահանջներ, թևանցումներ, շրջանցումներ, բայց հաղթանակը մերն է լինելու: Մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց խնդիրը»,- նշեց Հովհաննիսյանը:
Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով: Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: Խոցվել է նաև հակառակորդի վառելիքաքսուքային նյութերի խոշոր պահեստ:
«Կարելի է ասել, որ գլխովին ջախջախվել է 3 բրիգադ իր գրեթե ամբողջ հարձակողական ներուժով, զինտեխնիկայով, անձնակազմով: Մոտ 60 դիակ թողել են դաշտում, մնացածն էլ անհասկանալի է, թե ինչ վիճակում են: Մեծ թվով զրահատեխնիկա են կորցրել՝ մի մասը ջախջախված, մի մասն էլ սարքին վիճակում: Մնացածն էլ դաշտից ուղղակի փախել են»,- նշեց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ հայկական զինված ուժերը շարունակում են իրենց ազատագրական հաջողությունների շղթան:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Լիլիթ Դեմուրյան