1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եթե իրավիճակը ճշգրիտ չգնահատվի, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. Փաշինյան

Եթե  իրավիճակը ճշգրիտ չգնահատվի, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի 
մերձակայքում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական առաջատար «Բիլդ» պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացվում է ստորև.

«Վարչապետը լարված տեսք ունի, երբ շաբաթ երեկոյան ընդունում է «Բիլդ»-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ իր նստավայրում։

Նիկոլ Փաշինյանը գրեթե չի քնում, պարբերաբար նոր սարսափելի տեղեկատվություն է ստացվում տուժածների, հերթական էսկալացիայի մասին։

Զոհերի թիվը հստակ չէ, անկախ տեղեկատվություն չկա: Բայց ակնհայտ է երևում, որ կորուստները շատ ավելին են, քան նախորդ էսկալացիաների դեպքում։

Մեկ շաբաթ է՝ մոլեգնում է պատերազմը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ, որի համար արդեն տասնամյակներ շարունակ վեճեր և բախումներ են տեղի ունենում։ 1992 թվականից ի վեր ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն փորձում են միջնորդել. այժմ իրավիճակն ամբողջովին սրվել է, քանի որ Ադրբեջանը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակցությամբ ցանկանում է վերցնել տարածքը։

«Հենց նոր տիկին կանցլերի հետ հեռախոսազրույց ունեցա», - ներս մտնելիս ասում է Փաշինյանը։ Հայաստանը Եվրոպայից ակնկալում է ավելի շատ աջակցություն, ավելի հստակ հայտարարություններ։

«Բիլդ»-ը հարցնում է վարչապետին - Պարոն վարչապետ, Հայաստանի մասին խոսելու փոխարեն աշխարհը խոսում է Դոնալդ Թրամփի և կորոնավիրուսով նրա վարակվածության մասին։ Դա Ձեզ տխրեցնո՞ւմ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները բավարար չափով ուշադրության արժանանում են միջազգային հանրության կողմից։ Գուցե նաև այն պատճառով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում են հայտնվել վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից։

«Բիլդ» պարբերական – Որտեղի՞ց գիտեք այդ մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նրանք հավաքագրվել և տեղափոխվել են Թուրքիայի կողմից՝ Ադրբեջանի օգտին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու նպատակով: Ես կարծում եմ, որ հիմա այլևս այս իրավիճակը միայն տեղային անվտանգային հարց չէ և գլոբալ օրակարգի անբաժանելի մասն է։ Որովհետև, ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում, միջազգային առումով 3 պատճառով է շատ կարևոր.

Առաջինը, որովհետև արդեն ասացի, որ Սիրիայից ահաբեկիչներ են Թուրքիայի կողմից հավաքագրվել և տեղափոխվել՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ կռվելու:

Երկրորդը՝ Թուրքիայի զորքերը ներգրավված են այս գործընթացի մեջ, և դա Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտությունն է։ Դրանք թուրքական կայսրությունը վերականգնելու գործողություններ են, որոնք մտնում են մի շարքի մեջ Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, Լիբիայում Թուրքիայի ծավալած գործողությունների հետ:

Եվ երրորդը՝ կարծում եմ, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում:

«Բիլդ» պարբերականԴուք հեռախոսազրույց եք ունեցել Թրամփի վարչակազմի ներկայացուցչի հետ՝ լարված իրավիճակի առնչությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան -  Ես հեռախոսային խոսակցություն եմ ունեցել նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Օբրայենի հետ։ Եվ այդ օրը երեկոյան էր, որ լսեցինք պարոն Թրամփի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը։ Բայց ամեն դեպքում մենք կապի մեջ ենք ամերիկյան գործընկերների հետ, որովհետև Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որն զբաղվում է Ղարաբաղի հարցի կարգավորմամբ:

«Բիլդ» պարբերական – Միջազգային վերաբերմունքը հետևյալն է. «Ըստ միջազգային իրավունքի՝ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, նաև ըստ ՄԱԿ-ի»… 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իրականում դա տարօրինակ հայտարարություն է։ Եթե նայենք պատմությունը, կտեսնենք, որ Խորհրդային Միության ձևավորման ժամանակաշրջանում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտնվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, և ընդ որում՝ Ստալինի կողմից կայացված կամայական որոշման հետևանքով, Խորհրդային Միության ձևավորման փուլում: Իսկ եթե վերադառնանք Խորհրդային Միության փլուզման փուլին, կտեսնենք, որ այնպես, ինչպես Ադրբեջանը, լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, կրկին լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Ադրբեջանից՝ ընդ որում, օգտվելով Խորհրդային Միության օրենքներով և Սահմանադրությամբ առկա իրավունքից: Եվ, հետևաբար, ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը կարող էր Խորհրդային Միությունից անկախ դառնալ, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը չէր կարող Խորհրդային Միությունից անկախ դառնալ: Շատերը կարող են ասել՝ բայց չէ՞ որ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի կամ գոյություն չուներ։ Միևնույն ժամանակ գոյություն չուներ նաև Խորհրդային Ադրբեջանը, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն անկախություն էր ստանում: Եվ, հետևաբար, եթե Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, ուրեմն Ադրբեջանն էլ պատկանում է Խորհրդային Միությանը:

«Բիլդ» պարբերական – Ինչո՞ւ է Էրդողանն աջակցում Ադրբեջանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան Ես արդեն ասացի, որ դա Թուրքիայի և Էրդողանի կայսերապաշտական քաղաքականության հետևանք է։ Եվ կարծում եմ, որ մեծ հավանականությամբ խնդիր է դրված, որպեսզի Ադրբեջան անկախ պետությունը գոյություն չունենա, և այն ամբողջապես կլանվի Թուրքիայի կողմից։ Այդպիսով նաև, երբ ես խոսում եմ հայերի նկատմամբ ցեղասպանության քաղաքականության մասին, ցանկանում եմ ընդգծել, որ դա ընդամենը միայն պատմական ատելության արտահայտություն չէ հայերի նկատմամբ: Խնդիրն  այն է, որ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք ծավալվելու համար։ Որովհետև Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասը: Եկեք տեսնենք Թուրքիայի գործունեությունը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում։ Եվ ես ցանկանում եմ ընդգծել, որ, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում:

«Բիլդ» պարբերական Արդյոք Գերմանիան իրեն հեռու է պահում, զսպվածություն է դրսևորում՝ զգուշանալով Էրդողանի արձագանքից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իմ խնդիրը չէ՝ մեկնաբանել Գերմանիայի քաղաքական գործիչների դիրքորոշումները: Ես պարզապես, օգտվելով այս առիթից, ցանկանում եմ ներկայացնել այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որ գուցե նաև Գերմանիայի քաղաքական գործիչներին անհրաժեշտ է պատշաճ արձագանքել:

«Բիլդ» պարբերական – Ի՞նչ պետք է անի Գերմանիան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ եվրոպական երկրները պետք է հստակ դատապարտեն բռնությունը, բռնությունների մեկնարկը և Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների համատեղ հարձակումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա:

«Բիլդ» պարբերական – Կարո՞ղ է կանցլեր Մերկելն աջակցել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ նման լիդերների ձայնը՝ ճշմարտությունից բխող, կարող է մեծ ազդեցություն ունենալ իրականության վրա: Գիտեք, ես կարող եմ ասել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  շատ հստակ արձանագրել է, որ Ադրբեջանն է եղել հարձակման հեղինակը։ Նա շատ հստակ արձանագրել է, որ Թուրքիան է քաջալերել Ադրբեջանի հարձակումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի։ Նա շատ հստակ արձանագրել է, որ կան Սիրիայից վարձված վարձկաններ, որոնք Թուրքիայի կողմից տեղափոխվել են հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու: Ըստ էության, նույն բանը շատ հստակ՝ վարձկանների և նաև Թուրքիայի գործունեության մասով արձանագրել է Ռուսաստանը, թեկուզ ոչ այդպես շատ ուղիղ և միանշանակ։ Եվ, ըստ էության, վարձկանների մասով արձանագրում արել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա շատ կարևոր է:

«Բիլդ» պարբերական – Գերմանիայում քննադատաբար են մոտենում նրան, որ Ռուսաստանը ձեր դաշնակիցն է, և Պուտինը պատերազմ է մղում Սիրիայում և Ուկրաինայում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ես Ձեր հարցի գնահատականները կթողնեմ առանց մեկնաբանության, որովհետև ամենատարբեր իրադարձությունները տարբեր կողմերից, տարբեր երկրներից և տարբեր տեսանկյուններից տարբեր կերպ են երևում:

«Բիլդ» պարբերական – Հնարավո՞ր է՝ ռուսական բանակն օգնի ձեզ։

Վարչապետ Նիկոլ ՓաշինյանՀայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և մենք ունենք հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար:

«Բիլդ» պարբերական – Ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի:

«Բիլդ» պարբերական – Հնարավոր համարո՞ւմ եք Էրդողանի հետ խաղաղ բանակցությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան Ես տեղի ունեցածը համարում եմ ահաբեկչական հարձակում։ Եվ երբ տեղի է ունենում ահաբեկչական հարձակում, բնականաբար, ցանկացած երկրի համար առաջինը սեփական անվտանգությունը պաշտպանելուն ուղղված գործողություններ կատարելն է։ Մենք հիմա զբաղված ենք դրանով:

«Բիլդ» պարբերական – Դուք հնարավորություն ունե՞ք դիմակայելու ընդդեմ բարձր տեխնոլոգիական զենքերի, որոնք կիրառում է Ադրբեջանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ՝ Հայաստանը և հայ ժողովուրդն իրենց պաշտպանելու վճռականություն ունեն։ Մենք նույնպես ունենք սեփական արտադրության բարձր տեխնոլոգիական ապրանքներ, որոնք գուցե այդքան արտադրական հզորություններ չունեն։ Բայց մենք մտադրված ենք մեզ պաշտպանելու համար նաև զարգացնել տեխնոլոգիաները:

«Բիլդ» պարբերական – Ի՞նչ կարող է հիմա անել Գերմանիան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք՝ ես արդեն ասացի, որ հստակ դիրքորոշումներ եմ ակնկալում։ Եվ ասացի, որ եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի այս իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում:

«Բիլդ» պարբերական – Այսինքն՝ գերմանական կառավարությունը, ինչպես և Էմանուել Մակրոնը, պետք է հստակ արձանագրի՞, թե ով է սկսել այս պատերազմը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո՛։ Եվ պետք է գնահատական տա տարածաշրջանում և հակամարտության մեջ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Թուրքիայի կողմից, որոնք վարձվել են Սիրիայում:

«Բիլդ» պարբերական – Շնորհակալություն, պարոն վարչապետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]