Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Թուրքական քարոզչությունը խայտառակ սխալմամբ սերբ դերասանին ներկայացրել է որպես «վարձկան» Հայաստանում

Թուրքական քարոզչությունը խայտառակ սխալմամբ սերբ դերասանին ներկայացրել է 
որպես «վարձկան» Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին Բաքուն և Անկարան շարունակում են ապատեղեկատվությունների հոսքը. այս անգամ թուրքական քարոզչությունը խայտառակ սխալմամբ սերբ հայտնի դերասանին ներկայացրել է իբրև Հայաստանում գործող վարձկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-ամյա սերբ դերասան և պրոդյուսեր Միլոշ Բիկովիչը թուրքական քարոզչության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ է «ներքաշվել» այն բանից հետո, երբ թուրքական Derin Dusunce - ը Twitter- ի իր էջում հրապարակել է Բիկովիչի՝ զինվորական համազգեստով լուսանկարը՝ տարօրինակ մակագրությամբ. «Սերբական ծագումով վարձկան Ալեքսա Ջուրիչին նկատել են Հայաստանում ... »

Իրականում այդ լուսանկարն ընդամենը կադր է «Կոսարե» ֆիլմի նկարահանման հրապարակից, որը թուրքական քարոզչամեքենայի կողմից խայտառակ սխալմամբ օգտագործվել է՝ դերասանին «ներքաշելու» հակամարության մեջ: Ինչպես նկատել է Telegraf-ը՝ չնայած՝ «Թվիթեր»-ի շատ օգտատերեր մեկնաբանություններ են թողել՝ փորձելով բացատրել, որ նա դերասան է, զինվոր չէ, առավել ևս՝ վարձկան, այնուամենայնիվ, Derin Dusunce -ը չի հեռացրել ապատեղեկատվական հրապարակումը:

Բիկովիչը ևս, թուրքական կայքի այս քայլից շփոթված, անձամբ արձագանքել է այս ապատեղեկատվությանը՝ վերահրապարակելով թվիթը: Դրանից հետո Բիկովիչը փորձել է կատակել ՝ գրելով, որ ինքը երբեմն նկարահանումների, գովազդների ընդմիջումների ժամանակ, համազգեստ է հագնում և գնում է խաղաղություն հաստատելու՝ որտեղ անհրաժեշտ է: Հետո նա ավելացրել է. «Հիմա լրջորեն. ես չգիտեմ, թե ինչու եք լուսանկար տեղադրել կինոնկարից ... ծիծաղելի և անլուրջ՝ շատ լուրջ թեմայի համար»:

Թուրք-ադրբեջանական դաշինքի այս քայլը ևս մեկ անգամ վկայում է, որ այդ երկրների քարոզչամեքենան ցայտնոտի մեջ է, և նրանց առջև խնդիր է դրված ամեն գնով տարածել ապատեղեկատվություն, որքան էլ այն լինի անհեթեթ: Նույնիսկ այն դեպքում , երբ ապատեղեկատվության զոհը բարձրաձայնում է դրա մասին, նրանք չեն հեռացնում տարածվող կեղծիքը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ