Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա երեխա է զոհվել

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա երեխա է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 9-ամյա երեխա է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի հետ զրույցում նշել է բժշկական կենտրոնի աշխատակիցը՝ ներկայացնելով երեխայի մոր առողջական վիճակը:

«Երկու ոտքերից է հրազենային վնասվածք ստացել, տնից դուրս է եկել երեխու հետ, դժբախտաբար 9 տարեկան երեխան մահացել է»,- ասել է բժիշկը:

Ադրբեջանական կողմի թիրախ է դարձել Մարտակերում գտնվող քաղաքացիական ավտոմեքենան, որում գտնվել են մայրը, երեխան և ընտանիքի մյուս անդամները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, սեպտեմբերի 28-ին ևս մեկ երեխա է զոհվել: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ