ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ծավալած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից մոտ 100-120-ը բուժօգնություն է ստանում. մյուսները շարք են վերադարձել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ վիրավորների մի մասը տեղափոխվել է Հայաստանի հոսպիտալներ և հիվանդանոցներ:
«Նրանց մեծ մասը ստացել են թեթև վիրավորումներ և արդեն իսկ վերադարձել են շարք: Այժմ վիրավորների թիվը նվազել է, երբ մենք հանում ենք թեթև վիրավորների թիվը, ովքեր շարունակում են ծառայությունը, ապա ստացվում է, որ 200 վիրավորից 100-120-ն են մնացել: Մյուսներն արդեն կազդուրվել են ու կատարում են իրենց մարտական խնդիրները»,- նշեց Հովհաննիսյանը:
Խոսելով ծանր վիրավորների մասին՝ Հովհաննիսյանն ասաց, որ վիճակագրական տվյալներ չի կարող ներկայացնել:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 21 զրահատեխնիկա:
Լիլիթ Դեմուրյան