Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն ունի միջազգային հանրության միանշանակ և անվերապահ աջակցությունը. ԱԳՆ

Հայաստանն ունի միջազգային հանրության միանշանակ և անվերապահ աջակցությունը. 
ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգային հանրության միանշանակ և անվերապահ աջակցությունը այն հարցում, որ պետք է անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական ագրեսիան և դատապարտել ուժի կիրառման ցանկացած դրսևորում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մենք ունենք միջազգային հանրության միանշանակ, անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանում խաղաղության, կայունությունն ու անվտանգության խաթարմանն ուղղված ջանքերը: Բախվելով միջազգային հանրության այդ դիրքորոշմանը՝ Բաքուն սկսեց դիմել իր ավանդական գործիքակազմին` կեղծ լուրեր տարածելով, թե հայկական կողմն առաջինն է նախաձեռնել բախումը»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարի մամուլի խոսնակը հավելեց, որ առաջին անգամ չէ, երբ Բաքուն նման քայլի է դիմում, սակայն Հայաստանն ունի փաստական տվյալներ, որ Ադրբեջանն է սկսել ռազմական գործողությունները:

«Մենք ունենք փաստական, անհերքելի տվյալներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները: Տարիներ շարունակ խախտելով եռակողմ անժամկետ համաձայնագրերը, որոնցով հաստատվել է հրադադարը ու հրաժարվելով հրադադարի խախտման հետախուզման մեխանիզմների ներդրումներից, Ադրբեջանն ի ցույց է դրել, որ մշտապես ունեցել է պատերազմ սկսելու ծրագրեր»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Նաղդալյանը նշեց, որ այս անգամ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ունի երկու առանձնահատկություն:

«Առաջին առանձնահատկությունն այն է, որ Ադրբեջանի նախագահի մակարդակով հրապարակավ հրաժարում է եղել խաղաղ գործընթացից, խնդիր է դրվել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Երկրորդ առանձնահատկություն այն է, որ այս անգամ մենք առնչվում ենք Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությանը: Այն դրսևորվում է տեղում թուրքական ռազմական ներկայությամբ: Այս անգամ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ: Արցախի և Հայաստանի կարողությունները և վճռականությունը` հակադարձել այս դաշինքին, աներեր են»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Աննա Նաղդալյանը հավելեց, որ ՀՀ դիվանագիտական ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, իսկ նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է տարբեր երկրների իր գործընկերների հետ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Ավելի ուշ ՊԲ-ն հայտնել է հակառակորդի կողմից ևս 10 միավոր զրահատեխնիկայի կորուստի մասին:

Նորայր Շողիկյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am