Պապիկյանն ԱՄԷԳ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է տեխնիկական աջակցության ծրագրերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Խուան Կառլոս Լենտիխոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ԱՄԷԳ-ի կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող և նախատեսվող ծրագրերը՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԱԷՄԳ-ի՝ ՀՀ-ում տարբեր առաքելությունների արդյունքներին։ Կարևորելով դրանց շարունակականության ապահովումը՝ նախարար Պապիկյանն առաջարկել է ավելացնել ԱՄԷԳ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղված լրացուցիչ աջակցության ծրագրերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին վերաբերող, ինչպես նաև ՀԱԷԿ -ի անվտանգության բարձրացմանն ուղղված հարցեր։