Հասարակական

Սիրիահայ ընտանիքն արժանացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակի

3 րոպեի ընթերցում

Սիրիահայ ընտանիքն արժանացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում անցկացվող «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակի արժանացան սիրիահայեր Յոլանդ և Րաֆֆի Ռշտունիները, որոնք զբաղվում են քաղցրավենիքի արտադրությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակը սիրիահայ ընտանիքին փոխանցեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սարդարապատում, կարևելով տավուշյան հերոսամարտը, մենք հերոսացրեցինք այսօրվա իրական, մեր գոյապայքարի հերոսներին: Այսօր՝ այստեղ, մենք հերոսացնում ենք նաև մեր տնտեսության հերոսներին»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Սիրահայ ընտանիքը Սիրիայում 2012 թվականին ընթացող պատերազմի հետևանքով թվականին տեղափոխվեցին Հայաստան: Մեկ ու կես տարվա ընթացքում գործ չունեին, ուսումնասիրում էին տեղական շուկան: Յոլանդ Ռշտունին Հալեպում չի աշխատել, իսկ քաղցրեղեն պատրաստելը, խոհարարական աշխատանքը եղել է սիրողական զբաղմունք: Հիմնականում ընտանիքի, հարազատների համար է պատրաստել:

«Ամուսինս միշտ հարցնում էր, Յոլանդ, ինչո՞ւ քաղցրավենիք պատրաստելը չես փորձում: Մտածեցինք մի այնպիսի բան ստեղծենք, որը տարբերվի»,-ասաց Յոլանդ Ռշտունին: Շուկան ուսումնասիրելուց հետո՝ սիրիահայ ընտանիքն անցավ գործի, որը քիչ-քիչ հաջողություն ունեցավ: Յոլանդ Ռշտունին կարևորում է համբերություն ունենալը, գործի հաջողությանը սպասելը:

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում ու արժևորվում են այն քաղաքացիները, որոնք իրենց ուժերով հիմնել են սեփական գործ, ստեղծել են բիզնես՝ ապագան կապելով Հայաստանի հետ:

Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: Միջոցառումն ուղեկցվում է երաժշտական ծրագրով:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում