Հասարակական

Օրենսդիրներն առաջարկում են պատասխանատվություն սահմանել կեղծ սննդամթերք արտադրելու և իրացնելու համար

2 րոպեի ընթերցում

Օրենսդիրներն առաջարկում են պատասխանատվություն սահմանել կեղծ սննդամթերք արտադրելու և իրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը, Արփինե Դավոյանը, Սերգեյ Ատոմյանն ու Կորյուն Մկրտչյանը հեղինակել են օրինագիծ, որով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել կեղծ սննդամթերք արտադրելու և իրացնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց պատգամավոր Արթուր Դավթյանը:

«Մի քանի օր առաջ կեղծ ալկոհոլից բազմաթիվ անձինք թունավորվեցին: Քրեական օրենսգիրքը նման հոդված ունի, որ կեղծ ալկոհոլ արտադրելու, իրացնելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվում: Սակայն սննդամթերքի վերաբերյալ քրեական օրենսգիրքը նման դրույթ չի պարունակում, ինչը, մեր կարծիքով, բացթողում է, և մենք ձեռնամուխ եղանք այս փոփոխությունն առաջարկելու, կարծում ենք, որ այս փոփոխությունները հիմք կհանդիսանան, որ կեղծ սննդամթերք չի արտադրվի և ՀՀ-ում արտադրվող սննդամթերքի որակը կբարձրանա»,- ասաց Արթուր Դավթյանը:

Առաջարկվող փոփոխություններով` սննդամթերք արտադրող կամ իրացնող, կամ բնակչությանը ծառայություններ մատուցող անձանց կողմից առեւտրի (ծառայությունների) ոլորտում կամ սննդամթերքի արտադրության փուլում կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում