Հասարակական

«Հայփոստ»-ն իջեցրել է ներհանրապետական առաքման սակագները

2 րոպեի ընթերցում

«Հայփոստ»-ն իջեցրել է ներհանրապետական առաքման սակագները

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր և միջին բիզնեսը խթանելու նպատակով «Հայփոստ» ընկերությունը ներկայացնում է գնային նոր հատուկ ակցիա ՀՀ և Արցախի տարածքում ցանկացած փոստային բաժանմունքից մեկ այլ բաժանմունք առաքումների համար: Այսուհետ մինչև 3կգ քաշ ունեցող ծանրոցների առաքման գինը կլինի 200 դրամ, ակցիան կգործի մինչև հունվարի 1-ը:

Փոստային առաքանիների փոխադրման նոր լոգիստիկ լուծումների շնորհիվ «Հայփոստ» ընկերությունը նաև կրճատել է ծանրոցների առաքման ժամանակահատվածը: Հայփոստի 850-ից ավել բաժանմունքների ընդգրկուն ցանցի միջոցով ներհանրապետական առաքման դեպքում ծանրոցն իր հասցեատիրոջ բաժանմունք կհասնի ավելի արագ: Ծառայությունը հասանելի է Հայաստանի և Արցախի բոլոր փոստային բաժանմունքներում, ինչպես նաև Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրատվամիջոցների հետ զրույցում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ COVID-19-ով պայմանավորված՝ Հայաստանի ներքին շուկայում գրանցվել է էլեկտրոնային առևտրի կտրուկ աճ՝ մոտ 62%-ով: Կարծում եմ՝ այս գործընթացում մեծ դերակատարում են ունեցել համավարակի կանխարգելման միջոցառումները: Հայփոստը, լինելով փոստային կապի ազգային օպերատոր, իր ենթակառուցվածքով ծառայում է նաև պետական ռազմավարական խնդիրների իրականացմանը: Սա նշանակում է, որ «Հայփոստ»-ի նման մեծ ընկերությունները, որոնք լուծում են նաև կորպորատիվ սոցիալական խնդիրներ, նման իրավիճակներում պետք է դառնան երկրում առևտրաշրջանառության ծավալների պահպանման և աճի խթանողը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում