Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «իԳործ» ծրագիրը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «իԳործ» ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է գրասենյակի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Առաջին փուլով 24 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ սկսում են աշխատանքը ՀՀ կառավարությունում: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել Հայաստան»,- նշված է գրառման մեջ:
Ծրագրի մասնակիցներին ողջունել ու բարի գալուստ է մաղթել Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հանձնակատարը հույս է հայտնել, որ նրանք հայրենիքում կունենան անփոխարինելի աշխատանքային փորձառություն:
Այնուհետ մասնակիցներին «Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Գապագեանը և «RepatArmenia» հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշլյանը ներկայացրել են հայաստանյան պետական մարմիններում աշխատելաոճի առանձնահատկությունները և միջավայրին արագ ինտեգրման համար գործնական խորհուրդներ տվել:
COVID-19-ով և օդային սահմանափակ հաղորդակցությամբ պայմանավորված՝ ծրագրի մյուս մասնակիցները Հայաստան կժամանեն մի փոքր ավելի ուշ:
«իԳործ» ծրագրի միջոցով, սփյուռքում ապրող և մագիստրոսի կրթական աստիճան ունեցող տասնյակ երիտասարդ հնարավորություն կունենա մեկ տարով աշխատել Հայաստանի Հանրապետության նախարարություններում ու գերատեսչություններում: