Հասարակական

Արմավիրում թունավորվել են ինքնաթոր օղուց. արտադրողը ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Արմավիրում թունավորվել են ինքնաթոր օղուց. արտադրողը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ նախնական վարկածի՝ Արմավիրում անձինք թունավորվել են մեթիլ սպիրտից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում է ՍԱՏՄ լրատվության և հանրային կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

«Սննդի անտվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ սննդային թունավորման կասկածանքով Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ: Որոշ քաղաքցիների կյանքը փրկել չի հաջողվել:

ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության և ՀՀ քնչական կոմիտեի Արմավիրիմարզային քնչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ»,- նշում է Հարությունյանը:

ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: «Արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: ՍԱՏՄ ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց»,- տեղեկացնում է Հարությունյանը:

Արմավիրում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից 11 մահվան դեպք է արձանագրվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում