Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը խոսել է Այա Սոֆիան մզկիթի վերածելու մասին

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը խոսել է Այա 
Սոֆիան մզկիթի վերածելու մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին անդրադարձել է Ստամբուլի Այա Սոֆիան մզկիթի վերածելու՝ Թուրքիայի որոշմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ահլամ ալ Սալամին նշել է, որ այս վայրը մեծ  պատմամշակութային արժեք ունի, այդ իսկ պատճառով վերջին շրջանում ականատես եղանք միջազգային հանրության քննադատություններին և դատապարտմանը:

-Հուլիս ամսին Թուրքիան հայտարարություն տարածեց, որ որոշում է կայացվել Ստամբուլում գտնվող հանրահայտ «Այա Սոֆիան» վերածել մզկիթի, և ինչպես Բարձրագույն իշխանությունն է նշում՝ Այա Սոֆիան 86 տարի առաջ անօրինական կերպով էր վերափոխվել թանգարանի։ Ի՞նչ կարծիք ունեք այս իրադարձության վերաբերյալ, տիկին ալ Սալամի։

-Նախ և առաջ կցանկանայի նշել, որ ԱՄԷ-ն դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դեռևս 1971թ․ Էմիրությունների միավորումից 4 ամիս անց և  այսօր էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ է։ Էմիրություններն իր հավատարմությունն է վերահաստատում այդ կառույցին նաև այս հարցում։ Ինչպես նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր տարածած հայտարարության մեջ․ «Այա Սոֆիան համարվում է պատմական Ստամբուլի մի մասը, և այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհայի ժառանգության ցանկում՝ որպես թանգարան։ Այն ճարտարապետական գլուխգործոց է և դարերի ընթացքում Եվրոպայի և Ասիայի փոխազդեցության եզակի վկայություն»։

-Իսկ ինչպիսին է ԱՄԷ-ի պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի՝  Այա Սոֆիան մզկիթի վերածելու որոշման վերաբերյալ։

-ԱՄԷ մշակույթի և երիտասարդության նախարար Նուրա ալ Քաաբին անդրադարձել է  Թուրքիայի այս  որոշմանը՝ նշելով, որ Ստամբուլում «Այա Սոֆիայի» կարգավիճակի փոփոխությունը կատարելիս հաշվի չի առնվել պատմական  վայրի համամարդկային արժեքը, որը միշտ ձևավորել է համաշխարհային ժառանգություն, մշակութային և ժառանգական արժեք, այն եղել է կամուրջ՝ ժողովուրդներին մերձեցնելու և նրանց միջև ընդհանուր կապերը ամրապնդելու համար։

Կարծում եմ, որ այս վայրը մեծ  պատմամշակութային արժեք ունի, այդ իսկ պատճառով  վերջին շրջանում ականատես եղանք միջազգային հանրության քննադատություններին և դատապարտմանը, քանի որ այս թանգարանը տարբեր կրոնների հարուստ պատմությունն էր, քրիստոնեության և իսլամի երկխոսության խորհրդանիշն էր։

Ինչպես նաև,  պետք է նշեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրակարգը համահունչ է ԱՄԷ-ի` հանդուրժողականության, կրթության, խաղաղության, զարգացման և ժառանգության պահպանման հանձնառությանը։ Տարիներ շարունակ ԱՄԷ-ն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազդեցիկ  ֆինանսավորողներից մեկը, մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բազմաթիվ ծրագրերին, ինչպես նաև մշակել է նախաձեռնություններ՝ ի շահ համայն աշխարհի մարդկության։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]