Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ակնալճի եզդիական սրբատեղիում հարգանքի տուրք են մատուցել Սինջարում սպանված եզդիների հիշատակին

Ակնալճի եզդիական սրբատեղիում հարգանքի տուրք են մատուցել Սինջարում սպանված 
եզդիների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հարգանքի տուրք են մատուցել 2014թ. Իրաքի Սինջար քաղաքում ցեղասպանության զոհ դարձած եզդիների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի, հայ-եզդիական բարեկամության անկյունաքար, լուսահոգի Միրզա Սլոյանի ազգականների և եզդի համայնքի ներկայացուցիչների հետ Ակնալճի եզդիական սրբատեղիում այսօր մասնակցել է Սինջարի եզդիների ցեղասպանության զոհիրի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Մարզպետը ծաղիկներ է խոնարհել և ծաղկեպսակ դրել Իրաքում ԴԱԻՇԻ-ի հրոսակների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին` լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը: Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև եզդիական սրբատեղիի հիմնադիր-հովանավոր Միրզա Սլոյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Այնուհետև նա ծանոթացել է Սինջարի եզդիների ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրությանը, ապա մասնակցել հիշատակի օրվան նվիրված հանդիպում-քննարկմանը: Ողջունելով ներկաներին` նա իր վշտակցությունն է հայտնել բարեկամ եզդի ժողովրդին:

«2014 թվականին այս օրը եզդիների օրացույցում սև շրջանակի մեջ վերցվեց. եզդիաբնակ Շանգալ բնակավայրում իսլամիստ ահաբեկիչների կողմից հարյուր հազարավոր եզդիներ սպանվեցին, սեռական բռնությունների ենթարկվեցին մեծաթիվ կանայք ու աղջիկներ: Շատերն էլ, չցանկանալով հավատափոխ լինել, ինքնասպան եղան` իրենց ցած նետելով ժայռերից»,- նշել է մարզպետը:

Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ եզդիների ցեղասպանությունը ցնցել է նաև Հայաստան աշխարհը, հայ ժողովրդին

«Ամենուր ձևավորվեցին «օգնիր եզդիներին» համահայաստանյան խմբեր: Ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը միջազգային տարբեր ատյաններում դատապարտեց եզդիների ցեղասպանությունը և մարդկությանը կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին: Իսկ այսօր, մեր եղբայրական եզդի ժողովրդի հետ մի բռուցք դարձած, մենք ոգեկոչում ենք Իրաքի հյուսիսում եզդիների դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը և կրկին դատապարտում մարդկության դեմ իրականացված և շարունակվող ոճրագործությունները»,- ասել է Մաթևոսյանը:

Մարզպետը հավելել է, որ հարյուր հազարավոր զոհեր ունենալով հանդերձ, եզդի ժողովրդին ցեղասպանել չի հաջողվել և չի հաջողվելու, որովհետև դարերի խորքից եկող այս ազգը պատրաստ է անգամ ինքնազոհողության գնով պահպանել իր հավատը և ազգային արժեքները:

«Եվ ուրեմն, փառք եզդի ժողովրդին, հավերժ խոնարհում հանուն ազգային արժեքների իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին: Թող աստված լույսի մեջ պահի նրանց հոգիները և իր օրհնությունը բերի եզդի ժողովրդին»,- եզրափակել է Համբարձում Մաթևոսյանը:

2014թ. օգոստոս ամսվա սկզբին իսլամիստների զինված ուժերը գրավել են Հյուսիսային Իրաքում գտնվող Սինջար քաղաքը, որը բնակեցված էր եզդիներով։ Իրաքի մարդու իրավունքների նախարար Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հայտարության համաձայն. օգոստոսի 10-ի՝ դրությամբ ահաբեկիչների կողմից սպանվել է նվազագույնը 500 եզդի: Օգոստոսի 15-ին իսլամիստ ահաբեկիչները եզդիական փոքր Կոջո գյուղում սպանել են 80 տղամարդու և գերի վերցրել 100 երեխաների և կանանց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]