Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սևանա լճում այս տարի ծաղկման պրոցեսը ուշ է սկսվել և շուտ է վերջանալու

Սևանա լճում այս տարի ծաղկման պրոցեսը ուշ է սկսվել և շուտ է վերջանալու

ՍԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում, կախված եղանակային պայմաններից, այս տարի ծաղկման պրոցեսը մի քիչ ավելի ուշ է սկսել և շուտ էլ վերջանալու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:

«2018-ից Սևանա լճում դիտվող ծաղկման պրոցեսները, որոնք մինչև օրս սկսվում էին հունիսից, այս տարի սկսվել են հուլիսի 15-ից: Ծաղկման պրոցեսը սկսելու ժամանակ Սևանա լճում իրավիճակը նույնպիսին է, ինչ անցյալ տարի նույն ժանանակ:  Կախված եղանակային պայմաններից՝ այս տարի ծաղկման պրոցեսը մի քիչ ավելի ուշ սկսվեց և շուտ էլ վերջանալու է»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքով՝ Սևանա լճում առկա է վատ էկոլոգիական վիճակ, հատակամերձ շերտում թթվածինը ցածր է, սնուցող նյութերի քանակը բավարար է, որպեսզի շարունակական լինեն ծաղկման պրոցեսները: Թափանցիկությունը մինչև 4 մետր է: Սևանա լճում կա կենսածին նյութերի բավարար քանակություն: «Սա նշանակում է, որ այս պահին լճի վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չէ»,-նշեց նա: 

Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժ/պ Ոսկեհատ Գրիգորանն էլ նշեց, որ կառավարությունը հանձնարարել է հնարավորինս հրատապ կերպով մաքրել ջրածածկ անտառները: «Բացի այդ ունենք շենք-շինությունների ապամոնտաժման և մաքրման աշխատանքների իրականացում: Սևանա լճի տարեկան ծրագրում ներառված են կետեր՝ էկոհամակարգի վերականգնման նպատակով: Դրանցից կարևորագույնը Սևանա լճի ավազանից դեպի լիճ հոսող կեղտաջրերի  կենսաբանական մաքրման կայանի բաղադրիչի նախագծանախահաշվային աշխատանքների կազմման միջոցառումն է»,-ասաց նա:

Ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում կա մշակված համապարփակ փաստաթուղթ՝ Սևանա լճի հիմախնդիրների կարգավորման համար: Քննարկման փուլում գտնվող կարևորագույն միջոցառումը Սևանա լճի ավազանից դեպի լիճ հոսող կեղտաջրերի կանխարգելումն է: «Այս համագործակցության շրջանակում ունենք 5 մլն եվրո աջակցություն՝ նշված աշխատանքներն իրականացնելու: Դեռևս տարվում են բանակցություններ՝ հասկանալու, թե որ միջոցառման համար ինչ չափով բաշխում կարվի»,-նշեց Գրիգորյանը:

Սևանա լիճն այս տարի ևս կանաչում է: Լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառներն են լճի մակարդակի իջեցումը, կենցաղային կեղտաջրերի և ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսքը, ձկան կենսազանգվածի կրճատումը, ջերմաստիճանի բարձրացումը:


Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]