Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Լենա Նազարյանն Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ նամակներ է հղել ՉԺՀ-ի և Վրաստանի իր գործընկերներին

Լենա Նազարյանն Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ նամակներ է հղել ՉԺՀ-ի և Վրաստանի իր գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Ադրբեջանի սանձազերծած գործողությունների վերաբերյալ նամակներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Վրաստանի Հանրապետության իր գործընկերներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Նազարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր նամակներ եմ ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական ղեկավար Չժան Եսուին և Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։ Տեղեկացրել եմ նրանց Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանների ուղղությամբ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աջակցող հայտարարությունների մասին, որը ստեղծում է լրացուցիչ լարվածություն, ապակայունացնում է տարածաշրջանային անվտանգությունը»,- գրել է Նազարյանը:

ԱԺ փոխխոսնակն իր գործընկերներին կոչ է արել խստորեն դատապարտել ՀՀ պետական սահմանում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության և նրա դաշնակիցի կողմից անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հուլիսի 13-ի առավոտյան երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել էր սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։ Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել էր հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել էր։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է բնակավայրերը, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել: Զոհվել է ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող, վիրավորվել 10-ը:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Հուլիսի 14-ից, ժամը 22:20-23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում:

Ադրբեջանը կրել է մարդկային տասնյակ կորուստներ, կորցրել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ԱԹՍ-ներ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ