Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

Ապրիլյան պատերազմն անցած տղաներն իրենց ձեռքով ինքնաձիգներ են հավաքում Հայաստանում

Ապրիլյան պատերազմն անցած տղաներն իրենց ձեռքով ինքնաձիգներ են հավաքում 
Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմն անցած, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելությունների իրականացրած և տարբեր տարիներին պաշտպանության ոլորտում աշխատած զինծառայողներն իրենց ձեռքով «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ են հավաքում Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Նեյտրոն ԳԱՄ» նորաբաց ընկերությունն այժմ ինքնաձիգները հավաքում է Ռուսաստանի Դաշնությունից բերված դետալներով:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Մենք այժմ իրավունք ունենք տարեկան հավաքել մինչև 50 հազար ինքնաձիգ: Արտադրության առաջին փուլում ինքնաձիգները հավաքվելու են արտերկրից բերված դետալներով: Ինքնաձիգները հավաքող մասնագետներն անցել են Ապրիլյան պատերազմը, խաղաղապահ առաքելություններ են իրականացրել Աֆղանստանում և Կոսովոյում: Զենքի հետ ծանոթ են ոչ թե դպրոցական ծրագրով, այլ սեփական փորձով: Նրանք տարբեր տարիներին պաշտպանության համակարգում ծառայած և աշխատած զինծառայողներ են»,- ասաց ընկերության ղեկավարի տեղակալ Իգոր Գարդիենկոն:

Ընկերությունում հավաքվում է «Կալաշնիկով» զինատեսակի նոր՝ AK-103 մոդելը, որի առաջին խմբաքանակը մատակարարվելու է միայն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին, իսկ հաջորդ խմբաքանակները հնարավոր է՝ նաև արտահանվեն:

«Ինքնաձիգների առաջին մեծ խմբաքանակները մատակարարվելու են Զինված ուժերին, հետագայում, երբ ՀՀ Պաշտպանության նախարարության պահանջները բավարարվեն, Ռուսաստանի Դաշնության թույլտվությամբ մենք կքննարկենք նաև զենքի արտահանման հարցը»,- նշեց Գարդիենկոն:

Ինքնաձիգների առաջին խմբաքանակը նախատեսվում է Պաշտպանության նախարարությանը ներկայացնել արդեն հուլիս ամսվա վերջին, իսկ 2021թ. կեսից հասնել արտադրության երրորդ փուլին, երբ «Կալաշնիկով» ինքնաձիգը ոչ միայն կհավաքվի, այլև դետալ առ դետալ կարտադրվի Հայաստանում:

2021 թվականին նախատեսվում է Հայաստանում մեկնարկ տալ նաև փամփուշտի արտադրությանը: «Նեյտրոն ԳԱՄ» ընկերության գլխավոր ինժեներ Արմեն Բախշյանի խոսքով Աբովյան քաղաքում կառուցվող արտադրամասում կտեղադրվեն Ռուսաստանից և Իտալիայից ներկրվող նոր հոսքագծեր և կպատրաստվեն նոր տեսակի փամփուշտներ:

«Տարեկան 150 մլն փամփուշտ կարտադրվի: Նախագծային աշխատանքները մոտենում են ավարտին, գործարանը մյուս տարվա կեսերից կսկսի գործել: Այնտեղ կաշխատի մոտ 1200 հոգի»,- ասաց Բախշյանը:

Գլխավոր ինժեները նշեց, որ տարեկան 150 մլն փամփուշտը Հայաստանի պահանջների համար շատ է, և արտադրանքի մի մասը, հնարավոր է՝ նաև արտահանվի այլ երկրներ:

Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020թ. մայիսին 15-ին 10 տարի ժամկետով:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ