Հասարակական

Ծիծեռնակաբերդի հրդեհի պատճառի հիմնական վարկածը մնում է հրավառությունը

2 րոպեի ընթերցում

Ծիծեռնակաբերդի հրդեհի պատճառի հիմնական վարկածը մնում է հրավառությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարակից տարածքում հունիսի 26-ին բռնկված հրդեհի պատճառի վարկածը դեռևս մնում է հրավառությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:

«Դեռ այդ վարկածն է շրջանառվում, պետք է հետաքննություն անցկացվի, որպեսզի հստակ պատճառն իմանանք»,- նշեց Զարգարյանը:

Հունիսի 26-ին ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էին ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող: Ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։

Զարգարյանը հայտնեց, որ հրդեհը մեկուսացվել է հունիսի 26-ին ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Նրա խոսքով՝ այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։

Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։ Մոտակայքում գտնվող շենք-շինություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 10 ջարատար։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։

Անվտանգությունից ելնելով՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեկ փրկարարական ջոկատ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը տեղում իրականացնում են հերթապահություն։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում