Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խումբը կժամանի Հայաստան

Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խումբը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանին, Ֆրանսիայից ժամանած բժիշկներին` թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Ֆրանսիայից ժամանած բժիշկները տեղի մասնագետների հետ առաջնագծում օրեր շարունակ պայքարել են պացիենտների առողջության համար, արել հնարավորինը, որպեսզի վերջիններս կարողանան հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը:

«Այս իրավիճակում` Ֆրանսիայի և Հայաստանի առողջապահության ոլորտում հարաբերությունների մի նոր փուլ ենք մտնում»,- իր խոսքում նշել է Ժոնաթան Լաքոտը:

Իրենց առաքելությունն ավարտելով այս փուլում` բժիշկների թիմը վերադառնում է հայրենիք:  Հայաստանը սպասում է Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խմբին, ովքեր կժամանեն հունիսի 23-ին՝ երեկոյան:

 «Մեր գրասենյակի առաքելությունը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն է, սակայն այս պայքարում մենք ներդնում ենք մեր ջանքերը նաև նման նախաձեռնությունների կյանքի կոչման համար, և ուրախ ենք, որ Ֆրանսիայից ժամանող հաջորդ խումբը ղեկավարվելու է հենց սփյուռքահայ բժշկի կողմից»,- նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

Արսեն Թորոսյանը երախտիքի խոսքեր է հայտնել Ժոնաթան Լաքոտին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աջակցության համար, բժիշկներին հանձնել շնորհակալագրեր ու հուշանվերներ:

Հունիսի 14-ին Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել բժիշկներից բաղկացած առաջին խումբը, ովքեր 10 օր աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներում, նաև Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոնում։

Բժիշկների այցը կազմակերպվել էր առողջապահության նախարարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am