Երկու հարմար աշխատանքի առաջարկ մերժած աշխատունակ նպաստառուի նպաստ ստանալու հնարավորությունը կնվազի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 1-ից արդեն մեկնարկել է «Պայմանով նպաստի» ծրագիրը, այսպիսով աշխատունակ նպաստառուներին առաջարկվում է աշխատանք՝ 6 ամիս պահպանելով նպաստի հնարավորությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
2020-ի ապրիլի 1-ին տրվել է «Պայմանով նպաստի» ծրագրի մեկնարկը: «Սա նշանակում է, որ քաղաքացին ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու համար դիմելիս համակարգում ըդնգրկվելու համար պետք է նաև աշխատանք փնտրելով զբաղվի՝ մեր աջակցությամբ, զբաղվածության գրասենյակների: Եթե երկու հարմար աշխատանք առաջարկելու դեպքում քաղաքացին հրաժարվում է աշխատանքից, ապա ընտանեկան նպաստում ընդգրկվելու հնարավորությունը նվազում է, բալերն իջնում են, և դա ազդում է պետական ֆինանսական աջակցություն ստանալու վրա»,-ասաց Բաթոյանը:
Եթե քաղաքացին չի հրաժարվում աշխատանքի առաջարկից, ապա շարունակում է աշխատել և ևս 6 ամիս ստանալ այն նպաստը, որը մինչ այդ նա ստանում էր:
Աննա Գրիգորյան