Հասարակական

Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի հետ այցելեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի հետ այցելեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակված հիվանդների վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 8-ին այցելեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, շրջեց բաժանմունքներում, զրուցեց բուժաշխատողների և պացիենտների հետ:

«Սիրելի հայրենակիցներ, այժմ ես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում եմ և եկել եմ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այստեղ են առողջապահության նախարարը, հիվանդանոցի տնօրենը: Իհարկե, իմ արտահագուստը հարց կառաջացնի. քանի որ ես վարակվել և լավացել եմ, ինչո՞ւ եմ այսպես հագնված: Նախարարն ինձ ասաց, որ որոշակի արարողակարգեր կան, կարգ կա սահմանված, և հիվանդանոց մուտք գործելիս պետք է այդ կարգին համապատասխան տեսք ունենալ, որովհետև տարբերակում չկա վարակված և չվարակված քաղաքացիների վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ կփորձի շփվել մեր հայրենակիցների հետ՝ միայն նրանց համաձայնությունը ստանալուց հետո:

ՀՀ վարչապետը մանրամասն հետաքրքրվեց, թե վարակակիրներն ինչ հանգամանքներում են վարակվել, ինչպես են հաղթահարում վարակը: Հիվանդներից շատերը խոստովանեցին, որ իրենց լավ են զգում և արդեն առողջանում են:

Ավարտելով շրջայցը՝ Փաշինյանն ասաց, որ աշխատեցին ծայրահեղ ծանր հիվանդներին ցույց չտալ, բայց տեսարանը ճնշող էր: «Լավ եղեք: Կրեք դիմակ, փրկեք կյանքեր»,-եզրափակեց ՀՀ վարչապետը:

Հայաստանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր13 325դեպք, որոնցից4099-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում8943պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է70000 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված195նոր դեպք և85առողջացած։

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում