Հայաստան

Պետք է հնարավորինս արագ արձագանքենք. Փաշինյանը՝ աղետի գոտում մարդկանց աջակցության մասին

2 րոպեի ընթերցում

Պետք է հնարավորինս արագ արձագանքենք. Փաշինյանը՝ աղետի գոտում մարդկանց աջակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով վնասների արագ գույքագրումն ու աջակցության տրամադրումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում:

«Պարզ է, որ աշխատանքը ժամանակ է տանելու: Ուղղակի խնդիրը, որ ես առաջադրում եմ, հետևյալն է, որ մենք հնարավորինս արագ արձագանքենք: Մարդիկ առնվազն բավարարված են նախորդող շրջանի մեր գործողությունների արագությունից, արդյունավետությունից և պետք չէ ճեղք ստեղծել»,-ասաց Փաշինյանը:

Նա ակնհայտ համարեց, որ դա այն գործընթացն է, որ մեկ գործողությամբ չեն լուծի, սակայն կարևորեց, որ մարդիկ անընդհատ տեսնեն գործողություն, որ չմտածեն, թե մոռացվել են:

«Մեզ համար էլ է կարևոր, մարդկանց համար էլ է կարևոր, գործընթացի համար էլ է կարևոր, որ ժամանակ չկորցնենք: Բայց պարզ է, որ ցանկացած աշխատանք որոշակի ժամանակ է վերցնելու»,-ասաց վարչապետը՝ կարևորելով այնպիսի բանաձևերի ներդրումը, որոնք կապահովեն այդ արագությունը:

Նա հավելեց՝ կան օբյեկտիվ տվյալներ, որոնք անփոփոխելի են: Առաջարկեց բնակարանների 1 քառ. մետրի համար ստանդարտ բանաձև ներդնել՝ ըստ հեղեղի ուժգնության գոտիների: «Չգնալ ամեն տուն, նայել, տեսնել, թե ջուրը բարձրացել է 60, թե 70 սմ: Այսինքն՝ արագ գոտիավորել»,-նշեց նա՝ կարևորելով այդ ուղերձը մարդկանց տալը, որ մարդիկ տեսնեն հորիզոնը, թե կառավարությունն ինչ աջակցություն է տալու:

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում