Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացնում է տոնական ծրագրերը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացնում է տոնական ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը վիրտուալ գործունեության ընթացքում բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր է իրականացրել, ինչի արդյունքում թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի հետևորդների թիվը զգալիորեն մեծացել է: Թանգարան-ինստիտուտը յուրօրինակ նախաձեռնություններով է տոնելու նաև Թանգարանների միջազգային օրը, որն այս տարի անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրով:

 «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի մասնագետ Սևակ Հակոբյանն ասաց, որ մայիսի 18-ի միջոցառումները մեկնարկելու են «Մեկ օր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում» ծրագրով: «Նախաձեռնության շրջանակում գիդն առցանց շրջայց է իրականացնելու թանգարան-ինստիտուտում: Նա ոչ թե էքսկուրսիա է վարում, այլ ներկայացնում է իր մասնագիտության նրբությունները, խոսում այն հարցերի մասին, որոնք հաճախ են բարձրացնում աշակերտները, պատմում է այն ցուցանմուշների մասին, որոնք հատկապես հետաքրքիր են այցելուներին: Այս ծրագրով փորձել ենք պահպանել կապը գիդի և այցելուների միջև»,-նշեց Հակոբյանը:

ժամը 14։00-ին  մեկնարկելու է «Իմ առաջին այցը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» էսսեների մրցույթը:
Այն հնարավորություն է տալիս միասին վերհիշելու, թե երբ է այցելուն առաջին անգամ գնացել թանգարան, ինչն է նրան տպավորել: Մրցույթը կտևի շուրջ մեկ ամիս:  Մասնակիցներն էսսեներն ուղարկելու են թանգարան-ինստիտուտի էլեկտրոնային փոստին, և
լավագույն աշխատանքները հետագայում կհրապարակվեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։

Սևակ Հակոբյանը տեղեկացրեց, որ ժամը 17։00-ին, օրվա խորագրին համապատասխան, անցկացվելու է «Կոմիտաս և մշակութային բազմազանություն» հեռավար դասախոսությունը:
Այն կարդալու է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը: «Կարծում եմ՝ այս դասախոսությունը շատ հետաքրքիր է, քանի որ Կոմիտասն այն անձն էր, որը մշակութային բազմազանություն էր ներկայացնում, անդրադառնում էր տարբեր ազգերի երաժշտությանը, ուսումնասիրում և ներկայացնում էր այն աշխարհին»,-շեշտեց Հակոբյանն ու հավելեց, որ բոլոր տեսանյութերը հատուկ տոնի կապակցությամբ են նկարահանվել:

Նրա խոսքով՝ ժամը 20։00-ին ներկայացնելու են «Օրորոցայիններ և ոչ միայն» առցանց համերգը: «Առաջին անգամ դատարկ դահլիճում համերգային ծրագիր ենք կազմակերպել, որի տեսագրությունը մատուցելու ենք ունկնդիրներին: Մեկուսացման շրջանում մեր համերգային բաժնի վարիչը՝ սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, տեսատարբերակով հետևորդներին օրորոցայիններ էր սովորեցնում: Համերգն ամփոփում է այդ ստեղծագործությունները»,-պատմեց Հակոբյանը:

Ժամը 21։00-ին էլ կայանալու է «Արարատի ստվերի տակ» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան:
Ֆրեզնոյի պետական նոր երաժշտության անսամբլի կատարմամբ կներկայացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի պրակտիկանտ, կոմպոզիտոր Ջոզեֆ Պոհիկեանի ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

Անդրադառնալով վիրտուալ հարթակում աշխատանքի արդյունավետությանը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի մասնագետն ընդգծեց, որ «Ֆեյսբուք»-ի էջի հետևորդների քանակը այժմ գրեթե 16 հազար է: Սկզբնական շրջանում վիրտուալ աշխատանքն անսովոր էր, բայց հիմա բոլոր բաժինները համակարգված են աշխատում:

Երեկոյան ժամերին տեղադրում են տարիներ առաջ թանգարանում տեղի ունեցած և սիրված համերգային ծրագրերի տեսաձայնագրությունները: Մարդիկ նայում են դրանք, անպայման մեկնաբանություններ են թողնում: «Որպես «Ֆեյսբուք»-ի օգտատեր պետք է փաստեմ, որ  հաճախ եմ հանդիպում տարբեր թանգարանների հետաքրքիր նախաձեռնությունների, որոնք առաջ գրեթե չկային: Երվանդ Քոչարի թանգարանը վիկտորինա էր կազմակերպել, որին մասնակցել եմ: Կարողանում են այնպիսի ծրագրեր  մշակել, որոնցում ուզում ես ներգրավվել: Ըստ իս՝ մեր թանգարանները վիրտուալ հարթակում շատ լավ են աշխատում»,- եզրափակեց Հակոբյանը:

Թանգարանների միջազգային օրը հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսաստանյան պատվիրակության առաջարկությամբ։

1992 թվականից սկսած ամեն տարի Թանգարանային միջազգային օրն ունենում է մի թեմա, և ԻԿOՄ-ը հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]