1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հուլիսի 1-ից հետո երեխայի ծնվելու դեպքում կառավարությունը կմարի հիփոթեքային վարկի մի մասը

Հուլիսի 1-ից հետո երեխայի ծնվելու դեպքում կառավարությունը կմարի հիփոթեքային 
վարկի մի մասը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության նպատակային ծրագրերը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այդ ծրագրերից մեկով աջակցություն կտրվի 2020 թվականի հուլիսի 1-ից հետո երեխա ունեցած ընտանիքներին, որոնք հիփոթեկային վարկ են մարում:

«Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեկային վարկ մարող շահառուից սերված երեխա ծնվելու դեպքում, տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեկային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Շահառուն իրավունք ունի երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիփոթեկային վարկը վերցնելու ժամկետից, բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից։ Նույն երեխայի (մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում՝ երեխաների) ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան աջակցությունը տրամադրվում է մեկ հիփոթեկային վարկի մարման համար՝ շահառուի ընտրությամբ (եթե շահառուն ունի մեկից ավելի հիփոթեկային վարկեր)»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են.

երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,

անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,

շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեկային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեկային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը,

հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ.

վարկի մնացորդային մայր գումարի 10%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 5%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է,

վարկի մնացորդային մայր գումարի 50%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 25%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է,

վարկի մնացորդային մայր գումարի 15%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 8%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին,

վարկի մնացորդային մայր գումարի 70%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 35%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին։

2020 թվականին նախատեսվում է.

միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի,
կանխավճարի ապահովագրության տրամադրել 540 շահառուի,
երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։

 

Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվեն շահառուների նախատեսվող թվաքանակը՝ ըստ նպատակային ծրագրերի։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց՝ զինծառայողներին սա վերաբերելո՞ւ է։ Զարուհի Բաթոյանն ասաց, որ որևէ սահմանափակում չկա։

Դավիթ Տոնոյանը խնդրեց հարցը ճշգրտել, թե չէ «բանակը նորից կգրոհի»՝ կատակով ակնարկելով, որ շատերը կցանկանան օգտվել ծրագրից:

«Մենք ուզում ենք բանակը գրոհի, բայց բոլորովին ուրիշ ուղղությամբ», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ շատ պոզիտիվ ու ռազմավարական ծրագիր է։ «Շնորհակալություն եմ հայտնում այն մշակելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]