Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Յուրահատուկ նվեր գրողի հոբելյանին. վերահրատարակվել են Գուրգեն Խանջյանի վիպակները  

Յուրահատուկ նվեր գրողի հոբելյանին. վերահրատարակվել են Գուրգեն Խանջյանի 
վիպակները

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից հայ արձակի վառ, ինքնատիպ ներկայացուցիչ Գուրգեն Խանջյանի 70-ամյակի կապակցությամբ «Անտարես» հրատարակչությունն առանձին գրքերով լույս է ընծայել հեղինակի վաղեմի վիպակները, որոնք նոր շունչ ու հոգի են ստացել գեղեցիկ ձևավորմամբ: Գրքերի դեղին, կարմիր և կապույտ կազմերի վրա կարելի է տեսնել Խանջյանի կտավները, որոնք, ինչպես և հեղինակի վիպակները, արտահայտում են նրա տրամադրությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեղին գրքում հրապարակվել են «Ստվերներ խամաճիկների փողոցում: Մարդկանց տուն ուղարկիր», կապույտ գրքում՝ «Սպանել փրկչին: Հիստերիաներ», իսկ կարմիր գրքում՝ «Խրամատային գրառումներ» վիպակները:

Մեզ հետ զրույցում Գուրգեն Խանջյանն ասաց, որ վիպակները շատ վաղուց հրատարակվել են, բայց դրանց մի մասն անգամ շարվածք չուներ, իսկ սա լավ հնարավորություն էր նաև խմբագրական թեթև շտկումներ անելու համար: «Ստվերներ խամաճիկների փողոցում»-ը առաջին վիպակս է, որը 1993-ին տպագրվեց «Գարուն» ամսագրում, իսկ 1998-ին լույս տեսավ գրքով: Այն ավելի վաղ եմ գրել, քան «Հիվանդանոց» վեպը: Վիպակին հաջորդեցին «Սպանել փրկչին», «Խրամատային գրառումներ» և մյուս վիպակները: Այս նոր հրատարակությունների կազմերի վրա իմ կտավներն են: Վիլյամ Սարոյանը և մի շարք այլ գրողներ նույնպես ունեն գրքեր, որոնց կազմերին իրենց իսկ գործերն են»,-պատմեց Խանջյանն ու հավելեց, որ իր նկարները ցուցադրվել են «Զանգակ» գրատանը:

Գրողի խոսքով՝ շուտով լույս է տեսնելու նաև իր «Ներս ու դուրս» վեպը, նոր ձևավորմամբ հրատարակվելու է «Լուր չկա» գիրքը, որի նախորդ երկու հրատարակությունները սպառվել են:

Խանջյանը խոստովանեց, որ շոյված է իր հանդեպ ուշադրությունից և նշեց, որ մեծանում է նաև պատասխանատվության զգացումը: «Մտածում եմ՝ քանի որ իմ ստեղծագործություններն ընթերցում են, անպայման պետք է գրել, ու ինքս ինձ ասում եմ. «Ինչո՞ւ չես գրում: Դու պետք է գրես, հետո պատասխան ես տալու»: Հետո ինքս ինձ ասում եմ, որ հանգստանալ է պետք… Տարօրինակ բան է արվեստ կոչվածը»,-ասաց Խանջյանը:

Անդրադառնալով մեկուսացման օրերին՝ գրողը նշեց, որ լավ ժամանակ էր ընթերցելու համար, բայց հոգեվիճակը բավականին տագնապալի էր, և այն ստեղծագործելու համար այնքան էլ նպաստավոր չէր, սակայն Խանջյանն այս օրերին կարգի է բերել իր պիեսները:

30-ից ավելի պիեսներից 16-ը վերախմբագրել է և այդ աշխատանքը համարում է նվեր կորոնավիրուսից: Խանջյանը փորձել է նաև էսսեներ գրել, բայց լարված վիճակի պատճառով չի ստացվել, փոխարենը ռուսերենից հայերեն է թարգմանել Լեոնիդ Անդրեևի «Հրաշալի է կյանքը հարություն առածների համար» գիրքը:

Ֆիլմերի մեծ սիրահար չէ, բայց պարապը փորձել է լցնել՝ ֆիլմեր դիտելով: «Կինոյին վերապահումով եմ մոտենում, որովհետև այն կոլեկտիվ արվեստ է, շատ կախված է տեխնիկայից, հատկապես ժամանակակից կինոն, որը տեսարանային բնույթ ունի, և արվեստը հաճախ կորչում է: Իմ կինոճաշակը մի քիչ տարօրինակ է. դարձել է հետադարձային, էգոիստական: Դիտում եմ ֆիլմեր, որոնցում 70-ականների Երևանն է: Այսդպիսիներից են «Հայրիկ»-ը, «Երևանյան օրերի խրոնիկա»-ն: Սիրում եմ դիտել այդ օրերի Երևանի կենդանի դրվագները»,-անկեղծացավ գրողը:

Վերադառնալով նկարչի նախասիրությանը՝ Խանջյանը նշեց, որ նոր կտավներ դեռ չեն ծնվել, բայց եղածներից շատերը կտրուկ փոփոխության է ենթարկել: «Դա իմ բնավորությունն է. ոչ մի բան ինձ համար վերջնական չէ: Անընդհատ կարող եմ փոխել: Ինքս ինձ խոստանում եմ, որ այլևս ձեռք չեմ տալու, բայց հանկարծ տեսնում եմ, որ այս կամ այն շտրիխը տեղում չէ, և հանգիստ այլև չկա, մինչև չուղղեմ կամ վերջնականապես չփչացնեմ ամբողջը: Նկարն ասես քառակուսի բան է, չէ՞, շրջանակի մեջ և ամբողջովին սահմանազատված, բայց այն անվերջություն է ներսում, ինչը շատ զարմանալի է, գուցե մի ֆիգուր թեքես, և թեքվում է ամբողջ կտավը: Գույնի, ձևի և տարածության ներդաշնակությունը, համագործակցությունն անվերջանալի են»,-ընդգծեց գրողն ու հավելեց, որ ինքը նկարիչ չէ, և ֆիգուր նկարել չի կարող, բայց նկարում է երաժշտություն՝ իր երևակայական պատկերները փոխանցելով կտավին:

Խանջյանը նկարում է յոթ տարի և գրեթե 20-ից ավելի ստեղծագործություն ունի: «Նկարել… Շատ վերամբարձ է ասված: Ես ուղղակի ինչ-որ բան եմ անում: Կգաք, կտեսնեք»,-համեստորեն եզրափակեց Գուրգեն Խանջյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գուրգեն Խանջյանի և «Անտարես»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]