Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Մարուքյանի կարծիքով՝ միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ. «Լուսավոր Հայաստանը» լքեց դահլիճը

Մարուքյանի կարծիքով՝ միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ. 
«Լուսավոր Հայաստանը» լքեց դահլիճը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը պետք է ստանա քաղաքական գնահատական և ունենա քաղաքական հետևանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էդմոն Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ընդմիջումից հետո վերսկսված նիստում իր ելույթում: 

«Միջադեպից անցել է արդեն 3 ժամ և ավելի, սակայն մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական, քաղաքական համակարգին: Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակած արժեքները: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Ինչքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարի դեռ հետևից, կողքից չեն խփել: Բայց ասելիքս հետևյալն է՝ ինչ եղել է, քաղաքական է, և պետք է ունենա քաղաքական գնահատական: Քաղաքական ամեն մի բան ունի իր տրամաբանությունը և պետք է ունենա քաղաքական գնահատական: Եվ մենք ակնկալում ենք թե իշխող խմբակցությունից, թե Հայաստանի քաղաքական ուժերից, հասարակական սեկտորից այն քաղաքական գնահատականները, որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին»,-ասաց Մարուքյանը:

Նա շեշտեց՝ ուղղակի քաղաքական գնահատականը որևէ բան չի կարող փոխել,  միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ:

Մարուքյանը հայտնեց, որ խմբակցությունը լքում է նիստերի դահլիճը, և ապագայում կախված քաղաքական գնահատականներից և հետևանքներից ՝ կանի եզրահանգումներ, կորոշակիցնի իր անելիքները և կհասկանա, թե ապագայում ինչպես է աշխատելու այս խորհրդարանում: 

«Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավորներն այս ելույթից հետո լքեցին նիստերի դահլիճը:

Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի է ունեցել միջադեպ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր: Նիստում քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման և արդյունքների մասին զեկույցը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am