Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Ճգնաժամը ցույց տվեց, որ համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը պարտադիր պետք է կիրառվի. Փաշինյան

Ճգնաժամը ցույց տվեց, որ համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը պարտադիր 
պետք է կիրառվի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կորոնավիրուսի ճգնաժամը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ կա համընդհանուր հայտարարագրման մեխանիզմի անհրաժեշտություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսեց Ազգային ժողովում՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին:

«Համընդհանուր հայտարարագրումն, իմ կարծիքով, պետք է պարտադիր անենք: Եվ հիմա առավել ևս դրանում համոզված եմ: Անցյալ տարի, երբ սրա մասին հայտարարում էինք, աղմուկ էր բարձրանում: Հիմա չենք կարողանում գտնել այն բաժանորդին, որը մեր օգնության կարիքը ունի: Եթե ունենայինք համընդհանուր հայտարարագրման համակարգ, կտեսնեինք, թե ովքեր են այն քաղաքացիները, որոնց եկամուտը ամսական մինչև 50 հազար է, 100 հազար է, 1 մլն և ավելի է: Եվ այդ մի գործիքի կիրառմամբ՝ հիմա ես ստիպված չէի լինի ասել՝ 20 հազար դրամ ավել գումար ենք փոխանցել, հանեք, տվեք ձեր կարիքավոր հարևանին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ եթե համընդհանուր հայտարարգում լիներ, կառավարությունն իր որոշմամբ հասցեական 100 տոկոսով կփոխանցեր գումարները: Նա նկատեց՝ կպարզվի, որ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել են մարդիկ, որոնք դրա կարիքը չունեին, մանիպուլյատիվ գործողություն են արել, որ 20 հազար դրամ ավել ստանան՝ բանկում ունենալով խոշոր ավանդ:  «Մենք դեմ չենք, որ այդ 20 հազար դրամը որևէ մեկին տանք, բայց եթե դրա կարիքը չունեցողը դա ստացել է, դա նշանակում է, որ կարիքն ունեցողը 20 հազար դրամ պակաս է ստացել: Եվ հետևաբար ճգնաժամը ցույց տվեց, որ համընդհանուր հայտարագրման մեխանիզմը պարտադիր պետք է կիրառվի»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ