Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևորագույն օրակարգային հարց է․ Զոհրաբ Մնացականյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևորագույն օրակարգային հարց է․ 
Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը մնում է Հայաստանի կարևորագույն օրակարգային հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումների ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Անցած տարի Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի ոգեկոչման ուղղությամբ եղել են մի շարք միջազգային նախաձեռնություններ: Ֆրանսիան սահմանել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Դատապարտման և ճանաչման նախաձեռնություններ են ընդունվել Իտալիայի և Պորտուգալիայի խորհրդարանների կողմից: Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև, իսկ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: 2020թ. փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը»,- ասել է Մնացականյանը:

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը վաղուց ի վեր ձեռք է բերել համամարդկային նշանակություն, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ցեղասպանության հանցագործության կանխարգելման ամենագործուն քայլերից մեկն է: «Այս առումով հատկանշանական են վերջին շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման ենթատեքստերը, որոնք պայմանավորված են ոչ միայն դրանք ճանաչած ժողովուրդների և հայ ժողովրդի միջև բարեկամական հարաբերություններով, այլև աշխարհում և  տարածաշրջանում նոր ողբերգությունները կանխարգելելու ձգտմամբ: Փաստորեն մեր տարածաշրջանում՝ լայն ընկալմամբ, ձևավորվել է այն գիտակցումը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անվտանգության սպառնալիքը զսպող ուժ է»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am